Լրահոս
Օրվա լրահոսը

50 միլիոնը մոռացե՞լ են

Նոյեմբեր 30,2012 13:21

Գեներալ Մանվելի եղբայրը «յուղոտ պատառ» է ուզում

«Առավոտի» տեղեկություններով՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբայրը՝ Աշոտ Գրիգորյանը, օրերս նշանակվելու է ՀԷՑ ՓԲԸ «Մուսալեռ» մասնաճյուղի Արմավիրի էլցանցի տեղամասային պետ: Ասում են՝ Մանվել Գրիգորյանն այդ խնդրանքով արդեն դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին եւ ստացել նրա դրական պատասխանը: Աշոտ Գրիգորյանը մեկ անգամ արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը՝ 1997-2002 թվականներին, երբ ՀԷՑ-երը դեռեւս սեփականաշնորհված չէին: Այն ժամանակ գեներալի եղբոր պաշտոնավարումն ավարտվեց սկանդալով: Դատախազությունը 50 միլիոն դրամի յուրացումներ եւ չարաշահումներ հայտնաբերեց, քրեական գործ հարուցվեց, որը հետագայում կարճվեց: Այն տարիների համար դա հսկայական գումար էր: Աշոտ Գրիգորյանն, իհարկե, քավեց իր մեղքերը: Հետագայում, երբ նա գեներալ եղբոր միջնորդությամբ «նշանակվեց» Մեծամոր ավանի քաղաքապետ, եկեղեցի կառուցեց: Հավանաբար, յուրացրած գումարների մի մասով: Հիմա քանի որ ՀԷՑ-ն այլեւս մասնավոր սեփականություն է, գեներալի եղբայրը դժվար թե կարողանա կրկնել իր «հերոսական անցյալը», բայց նա համառորեն չի ցանկանում կապերը խզել Մեծամոր ավանի եւ նրա բնակիչների հետ: Մի՞թե ուզում է վրեժխնդիր լինել տեղի բնակիչներից այն բանի համար, որ երկու անգամ իրեն «հաջողություն» են ասել:

Սեպտեմբերի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Աշոտ Գրիգորյանը փորձեց կրկին զբաղեցնել Մեծամորի քաղաքապետի պաշտոնը: Ու թեեւ մեծամորցիները դժգոհ էին գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռոբերտ Գրիգորյանից, իսկ Աշոտ Գրիգորյանը դարձյալ վայելում էր Մանվել Գրիգորյանի աջակցությունը, քաղաքապետի պաշտոնում վերընտրվեց Ռոբերտ Գրիգորյանը: Վատի եւ վատթարագույնի միջեւ ընտրելով՝ մեծամորցիները գերադասեցին գործող քաղաքապետին: Նախորդ քաղաքապետի պաշտոնավարման շրջանից հավանաբար ավելի վատ հիշողություններ ունեին, քան ներկայիս քաղաքապետից ունեցած դժգոհություններն էին: Ի դեպ, Մանվել Գրիգորյանն այդ ժամանակ ոչ քիչ ջանքեր գործադրեց եղբոր հետ «բարենորոգված» հարաբերությունները պահպանելու համար: Վերջիններիս լավ հարաբերությունները խաթարել էին 2008-ի ներքաղաքական զարգացումները. ռեւերանսներ անելով առաջին նախագահին՝ Մանվել Գրիգորյանը լուրջ խնդիրներ ունեցավ իր եղբայր-եղբորորդիների հետ, որոնք ունեցածը չկորցնելու նկրտումներից ելնելով՝ կանգնեցին գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողքին: Մանվել Գրիգորյանը Աշոտ Գրիգորյանին Մեծամորի քաղաքապետի պաշտոնում կրկին կարգելու համար դիմել էր նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին: Վերջինս կապվել էր Ատոմակայանի ղեկավարության հետ եւ հորդորել, որ տեղի աշխատակիցները քվեարկեն Աշոտ Գրիգորյանի օգտին: Մինչդեռ ընդամենը մի քանի օր առաջ նախարարը պատվիրել էր, որ քվեարկեն գործող համայնքապետի օգտին: Երբ Ատոմակայանի ղեկավարությունը փորձում է հասկանալ, թե ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ է նախարարը մտքափոխ եղել, Մովսիսյանը պատասխանում է. «Դե, մեր Մանվելի ախպերն ա, խաթրից ոնց դուրս գամ»: Քաղաքապետի ընտրությունների ձախողումից հետո գեներալը փորձել էր շահել եղբոր սիրտը: ԵԿՄ Մեծամորի տարածքային կազմակերպության ժողովում կառույցի ղեկավար էր ընտրվել Աշոտ Գրիգորյանը: Այսինքն՝ գեներալ Մանվելը բարոյական փոխհատուցում արդեն տվել է եղբորը, սակայն, պարզվում է, դա բավարար չէ:

Մյուս կողմից՝ «դաբրո» տալով գեներալի եղբոր այս նշանակմանը, չի բացառվում, որ նախագահ Սարգսյանը նաեւ 2013 թվականի նախագահական ընտրություններում իրեն է ապահովագրում, քանի որ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն այստեղ խայտառակ պարտություն կրեց: Իր նախորդի՝ Աշոտ Գրիգորյանի թողած «աղքատիկ ժառանգությունը» սեփականաշնորհելու մոլուցքով տարված Ռոբերտ Գրիգորյանը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում պարտություն գրանցեց սեփական կուսակցության համար: Մոտ 4500 ընտրող ունեցող համայնքում ՀՀԿ-ն ստացավ ընդամենը 1000 ձայն: Առաջին տեղում ԲՀԿ-ն էր, որը, ինչպես պարզվեց հետագայում, ներկայանալու է որպես այլընտրանք: Երկրորդում՝ «Ժառանգությունը»: Վերջինիս հարցում էական դերակատարում ունեցավ ատոմակայանի աշխատակիցների հարցերով «Ժառանգության» հետեւողական մոտեցումը, որի արդյունքում շատ հարցեր լուծումներ ստացան: Իսկ «Ժառանգության» առաջնորդն արդեն հայտարարել է իր առաջադրման մասին: Չի բացառվում, որ ատոմակայանի աշխատակիցները չենթարկվեն վերնախավի հրահանգներին եւ ձայն չտան Սերժ Սարգսյանին: Մեծամորի վերընտրված քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը եթե կարողանա նախագահ Սերժ Սարգսյանի համար ապահովել այն 1000 ձայները, որոնք ստացավ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում, նրա համար կլինի լավագույն արդյունք: Հետեւաբար, յուրային գեներալի եղբոր նշանակմամբ նախագահը, հավանաբար, հույս ունի՝ ինչ գնով էլ լինի իր համար ձայների որոշակի քանակություն ապահովագրել: Սակայն մի ճշմարտություն նկատի առնված չէ. այստեղ դեռ հիշում են քաղաքապետ եղած տարիներին Աշոտ Գրիգորյանի եւ նրա շրջապատի իրականացրած ալան-թալանը, հարցերը բիրտ ուժով լուծելու մղումները: Իսկ մարդկանց համբերությունն ու արդարացի զայրույթը կարող են պարզապես պայթել՝ թափվելով նախագահ Սարգսյանի «գլխին»՝ իր իսկ վարած «կադրային քաղաքականության» արդյունքում:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930