Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդը» կդառնա՞ «քաղաքացի»

Նոյեմբեր 30,2012 13:06

Գաբրիել Պողոսյանի՝ Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնում չհաստատելու փաստը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ հասարակական շարժումները Հայաստանում հեռանկար ունեն: Նրանց ներկայացուցիչների  նկատմամբ վստահությունն էապես ավելի մեծ է, քան քաղաքական միավորների հանդեպ: Մենք հակված ենք վստահելու նրանց, ովքեր որեւէ մեկի թայֆայից չեն, քաղաքական խաղերում չկան, իշխելու ցանկություն չունեն: Նրանց, ովքեր իրենց առաջ դնում են կոնկրետ, իրատեսական նպատակներ:

Ակնհայտ է, որ այսօր իշխանությունն ավելի շատ է հաշվի նստում հասարակության հետ, քան, ասենք, 5 տարի առաջ: Գուցե որոշ չափով դա պայմանավորված է նրանով, որ իշխանությունն է փոքր-ինչ ավելի խելամիտ ու ադեկվատ դարձել: Իր կարեւոր դերն են խաղում նաեւ սոցիալական ցանցերը, որտեղ տեղեկատվության ազատ փոխանակման համար սահմանափակումներ, ըստ էության, չկան: Պատկերացրեք, օրինակ, որ youtube գոյություն չունենար, եւ Գաբրիել Պողոսյանի «ելույթները» մրցույթի ժամանակ հնարավոր չլիներ տեղադրել համացանցում ու դարձնել հազարավոր մարդկանց սեփականությունը: Որտեղի՞ց այդ դեպքում մենք կիմանայինք այդ մարդու ինտելեկտի եւ գրագիտության մակարդակի մասին: Իշխանությունը, հավանաբար, հնարավորություն կունենար թույլ չտալու նկարահանումները եւ չցուցադրելու նկարահանվածը հեռուստատեսային եթերով: Ճիշտ նույն ձեւով՝ եթե որեւէ «հաբռգած» պատգամավոր, դատախազ կամ ոստիկան այսօր փորձի փողոցում ցույց տալ իր «լավ տղա» լինելը, ապա շատ հավանական է, որ որեւէ քաղաքացի կնկարահանի նրա «հերոսությունները» հեռախոսով, որից հետո մի քանի վայրկյան անց այդ տեսագրությունը կհայտնվի նույն youtube-ում: Բայց ամենակարեւոր դերն այստեղ խաղում է ինքը՝ հասարակությունը, ավելի ճիշտ՝ նրա այն մասը, որն այլեւս սպասելիքներ չունի ավանդական քաղաքական ինստիտուտներից եւ սկսել է ինքը ձեւակերպել իր նպատակները:

Այդ նպատակները բազմաթիվ են: Ինձ համար, օրինակ, այս պահին սկզբունքային է, որ Տիգրան Առաքելյանը ազատություն ստանա: Ես չեմ կարեւորում՝ նա ՀԱԿ-ական է, թե «սյունյաց արծիվ». մարդիկ չպիտի նստեն քաղաքական հայացքների համար: Ես շատ կցանկանայի նաեւ, որ, մեղմ ասած, վիճելի պնդումները տեղ չգտնեն պատմության դասագրքերում: Իհարկե, ամեն մարդ, այդ թվում՝ պատմաբան, իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը, բայց երբ խոսքը դասագրքի, այսինքն՝ սերունդներին փոխանցվելիք մշակույթի մասին է, այստեղ, ինձ թվում է, պետք է 10 անգամ չափել, հետո կտրել: Իհարկե, կարող են ձեւակերպվել նաեւ բազմաթիվ այլ առաջնահերթություններ:

Հիմա իշխանությունը հասարակության հետ հաշվի է նստում, պայմանականորեն ասած, 5 տոկոսով: Երբ այդ տոկոսը հասնի 70-80-ի, ինչպես Արեւմուտքում է, քաղաքական խաղերը՝ բանակցությունները, պայմանավորվածությունները, առեւտուրը, Պողոսի կամ Պետրոսի իշխանությունը, այլեւս էական նշանակություն չեն ունենա: Կարեւորն այն է, որ քաղաքական գործիչը երբ դուրս գա հարթակ, ասի ոչ թե «սիրելի ժողովուրդ», այլ՝ «հարգելի քաղաքացիներ»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930