Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ելույթ է ունեցել միջազգային համաժողովում

Նոյեմբեր 30,2012 12:24

Նոյեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը ելույթ է ունեցել Երևանում անցկացված «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» խորագրով համաժողովում:

Նշելով, որ ներկայիս տարածաշրջանային խնդիրների մարտահրավերների արմատները գտնվում են անցյալում` ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ դրանց հաղթահարման համար անհրաժեշտ է տարածաշրջանում ստեղծել համապարփակ անվտանգության մթնոլորտ` հիմնված փոխգործակցության և հավասարության վրա:

«Դրա հիմքում պետք է լինի հարգանքը մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների եւ օրենքի գերակայության նկատմամբ: ԼՂՀ անկախության հռչակման առաջին իսկ օրերից առաջնայնություն է տրվել ազատ եւ ժողովրդավարական հասարակության կերտմանը, որն ազատ ու մրցունակ ընտրությունների միջոցով է ձևավորում  իր կառավարությունը: Կցանկանայի շեշտել, որ մենք հաստատակամ ենք մեր  ձգտման մեջ` շարունակել այն ուղին, որը սկսել ենք ավելի քան 20 տարի առաջ: ԼՂՀ հաջողություններն այս ուղղությամբ ակնհայտ են և չեն կարող անտեսվել: Դրա վառ օրինակն են հանդիսանում 2012 թ. հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունները, որոնք ևս մեկ քայլ էին ժողովրդավարական ավանդույթների և  համամարդկային արժեքների ամրապնդման ուղղությամբ,  ինչպես վկայում են միջազգային դիտորդների բարձր գնահատականները»,- ասել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը:

Կարեն Միրզոյանը նշել է, որ այսօր ԼՂՀ-ն կայացած պետություն է` իր գործող պետական կառույցներով, մարտունակ բանակով և ժողովրդավարական արժեքներին ու ազատության գաղափարներին հավատարիմ քաղաքացիներով:

«Հակառակ  բոլոր դժվարություններին, ծանր փորձություններին, երկիրը առաջընթաց է ապրում, ամրապնդում պետական ինստիտուտները, զարգացնում տնտեսությունն ու մշակույթը»,- նկատել է նա:

Միևնույն ժամանակ Կարեն Միրզոյանը ափսոսանքով է նշել համագործակցության և ժողովրդավարական արժեքների հարգման վրա հիմնված անվտանգության համապարփակ մթնոլորտի ստեղծման  ուղղությամբ Ադրբեջանի կողմից պատասխան քայլերի բացակայության մասին:

«Այս իրավիճակում մեծ է միջազգային հանրության դերը: ԼՂՀ ներկայիս կարգավիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա համագործակցության համար: Հարավային Կովկասում ցանկացած անվտանգության մոդել պետք է ամբողջությամբ հաշվի առնի ԼՂՀ գործոնը: Ավելին, Լեռնային Ղարաբաղի օրինական շահերի անտեսումը կարող է Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես աջակցություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ իր «կոլեկտիվ պատժի» քաղաքականությանը»,- նշել է Կարեն Միրզոյանը:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի մասին` ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը համոզմունք է հայտնել, որ խաղաղ կարգավորմանն այլըտրանք չկա և անհրաժեշտ է կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել` միևնույն ժամանակ նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներուժը սպառված չէ:

Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ բանակցային գործընթացի արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է ապահովել պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցությունը նրա բոլոր փուլերին` կարգավորման փիլիսոփայության շուրջ կարծիքների փոխանակումից մինչև կոնկրետ քայլերի և պայմանավորվածությունների մշակում և իրագործում:

 

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930