Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ ավարտվեց ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության առաջին օրը: Ռինգ մտած Հայաստանի հավաքականի չորս ներկայացուցիչներից երեքն առավելության հասան մրցակիցների նկատմամբ եւ միայն մեկը պարտություն կրեց:
Ադրբեջանցի Նասրադդին Մամմադովի նկատմամբ տարած վստահ հաղթանակից հետո մեր հավաքականի հաջողությունը զարգացրին 49 կգ քաշային Հայկ Նազարյանը (նկարում), որը 21:12 հաշվով պարտության մատնեց իտալացի Ջիանլուկա Կոնսելմոյին եւ 64 կգ քաշային Գոռ Երիցյանը: Նա պայքարից դուրս թողեց Տայպեյի ներկայացուցիչ Յու-Լին Լիուին: Ցավոք, Յուրիկ Միքայելյանը (69 կգ) չկարողացավ հաղթահարել Գերմանիան ներկայացնող Աբաս Բարաոյի արգելքը եւ լքեց առաջնությունը:
Այսօր հայաստանցի եւս հինգ երիտասարդ բռնցքամարտիկներ են ներգրավվելու պայքարի մեջ: Նրանք ներկայացնում են 60, 81, 91 եւ +91 կիլոգրամ քաշային կարգերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ