Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Անտեղյակ մարդու գնահատականներ են»

Նոյեմբեր 30,2012 11:31

«Նման գնահատականներ կարող է տալ միայն մարդն, ով չի կարդացել մեր ներկայացրած օրինագիծը, որովհետեւ այդ ժամանակավոր հանձնաժողովի առջեւ մենք չենք էլ դնում նման խնդիր` բացահայտել, թե ինչ է կատարվել մարտի 1-ին: Կամ` բացահայտել մարտի 1-ի իրադարձությունների պատճառները: Դա Նիկոյանի հանձնաժողովն էր իր առջեւ դրել եւ փառապանծ կերպով տապալել էր խնդիրը»,- Aravot.am-ի հետ զրույցում, անրադառնալով մարտի 1-ի գործով խորհրդարանում նոր հանձնաժողով ստեղծելու առիթով նախկին Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանի` հնչեցրած գնահատականներին, ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ տիկին Սաֆարյանը, մասնավորաբար, ասել էր. «…Եթե հանձնաժողով ստեղծելու նպատակը բացառապես քաղաքական հայտարարություններով հանդես գալն է, ապա հենց մարտի 2-ին, 3-ին կարելի էր քաղաքական հայտարարություններ անել եւ հիմնավորված համարել այն փաստը, որ մեր պետական այրերը կարողացան ստեղծել մի մեծամասշտաբ բախման ռիսկ, ինչը հիմք հանդիսացավ տասը զոհեր եւ վիրավորներ ունենալու։…Ավելի ճիշտ կլիներ, եթե ԱԺ-ն իր լծակները օգտագործեր՝ համապատասխան վարույթ իրականացնող մարմիններին պարտադրելու, որպեսզի Մարտի 1-ի գործով քրեաիրավական գնահատականներ տրվեին, մեղավորներին պատժելու հարց բարձրացվեր, որովհետեւ ԱԺ-ն ամեն դեպքում օժտված չէ դատավարական գործառույթներով եւ չի կարող ապացուցում իրականացնել, իսկ դա միշտ կդառնա հարցերի հարցը՝ անգամ փաստեր արձանագրելու պարագայում»:

Լեւոն Զուրաբյանը հիշեցնում է, որ առաջարկվող հանձնաժողովի առջեւ դրվում է հենց իրավապահ մարմինների գործողությունների օրինականության քննության խնդիրը, որին, Փաստահավաք խումբն, ըստ նրա, ինչ-որ կերպ առնչվել է. «Բայց, Փաստահավաք խմբի առջեւ դրված էին այլ խնդիրներ»:

«Չեմ կարող ասել, թե ՀԱԿ-ը ինչ նպատակներ է հետապնդում, բայց այն, որ ընդդիմադիրի կեցվածք չունի՝ կարող եմ հաստատապես ասել, որովհետեւ, այո, նաեւ որոշակի հարցերի կապակցությամբ ես այսօր պասիվություն եմ նկատում, հետ քաշվելու միտում եմ տեսնում։ Մինչդեռ իրենք են տրամադրել որոշ ապացույցներ, իրենք են սրությամբ ներկայացրել այդ փաստերը մամուլում եւ հանրության առջեւ՝ իրենց հրավիրած հանրահավաքներում, եւ մեր առջեւ են հարցը խիստ դրել, բայց այդ նույն խստությունը ես գրեթե մեկ տարի է, եթե ոչ ավելի, չեմ նկատում նրանց գործելաոճում, վերջին մեկ տարվա ընթացքում ես չեմ տեսնում, որ այն հարցերը, հարցապնդումները, որոնք իրենք Մարտի 1-ից հետո Փաստահավաք խմբին ներկայացրել են, Փաստահավաք խմբի հետ աշխատել են, որպեսզի վեր հանեն անհայտը, ես չեմ տեսնում, որ իրենք դրսեւորում են նման կամք»,- Սեդա Սաֆարյանի այս դիտարկման առիթով էլ Լեւոն Զուրաբյանն ասաց. «Այսինքն, ինքը համարում է, որ ՀԱԿ-ը պետք է շարունակի օգնել Սեդա Սաֆարյանին` մարտի 1-ի բացահայտման գործո՞ւմ: Բայց Սեդա Սաֆարյանն ի՞նչ է անում, ի՞նչ կարգավիճակ ունի այդ հարցում, որ ՀԱԿ-ը նրան օգնի: ՀԱԿ-ը գիտի`թե ինչ է պետք անել, մարտի 1-ի հարցը մեր քաղաքական, հասարակական կյաանքի օրակարգում պահելու համար: Դրա համար մենք դիմում ենք բոլոր հնարավոր ատյաններին. փորձում ենք հարցն իրականացնել ԱԺ-ում, դիմում ենք ԵԽԽՎ-ին, ԵՄ-ին: Այսինքն, օգտագործում ենք ցանկացած հնարավորություն, որ մարտի 1-ի հանցագործության պատասխանատվության հաստատման հարցում մենք ունենանք հաջողություն: Ավելին ասեմ, եթե այսօր կա մարտի 1-ի գործի պահանջատեր, դա ՀԱԿ-ն է եւ դա մենք ապացուցեցինք ԱԺ պետաիրավական հանձնաժողովում նախորդ օրվա քննարկումներով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930