Նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, տրվել է պաշտոնական ընդունելություն: Սերժ Սարգսյանն իր բաժակաճառում խոսել է հայ-թուրքմենական պատմական արմատներ ունեցող հարաբերությունների մասին, նշել, որ դրանք հիմնված են հայ և թուրքմեն ժողովուրդների փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա: Նախագահի խոսքով, այսօր վստահորեն կարելի է ասել, որ երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամական ավանդույթները ամուր հիմք են հանդիսանում միջպետական փոխհարաբերությունների համար: Սերժ Սարգսյանի համոզմամբ, դրանք թույլ են տալիս ավելի մեծ եռանդով ու արդյունավետությամբ աշխատել հայ-թուրքմենական գործընկերության խորացման և ամրապնդման ուղղությամբ և այն հերթական անգամ թույլ է տալիս համոզվել, որ կողմերը կարող են վստահորեն առաջ շարժվել՝ կյանքի կոչելով նախանշված համատեղ ծրագրերը: