Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սարգսյանը պատրաստ է իր պատիվը զոհաբերել

Նոյեմբեր 29,2012 20:27

«Երեւանում իրավիճակն ինձ չի ուրախացնում. հինը հետզհետե նվազում է, իսկ նորը նույնիսկ խորհրդային ժամանակների որակին չէ, այլ ավելի վատ՝ ինչպես ճարտարապետության, այնպես էլ դիզայնի տեսանկյունից: Նոր շինությունները մեծամասամբ աղավաղում են Երեւանը, դրանք անդեմ են, ստանդարտ եւ ամենեւին կապակցված չեն այն վայրին, որտեղ կառուցվում են»,-նոր Երեւանն այսպես էր բնութագրել ճարտարապետ, ուրբանիստ, Անդրեյ Իվանովը նոյեմբերի 19-ին «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում:

Aravot.am-ն այսօր Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանից փորձեց պարզաբանում ստանալ այս քննադատությունների վերաբերյալ, սակայն, երբ ճարտարապետը լսեց միջազգային մասնագետի անունը, անմիջապես ասաց` «Ինձ շատ հետաքրքիր չեն նրա ասածները»: Մեր այն դիտարկմանը, որ Երեւանի գլխավոր ճարտապետի ամենալուրջ աշխատանքն է քննադատվել, պարոն Սարգսյանը սկզբում ասաց, որ բացարձակ մեկնաբանություն չունի, բայց մի փոքր անց մեկնաբանեց. «Ինչ-որ մի Իվանով քննադատել է…Վերջերս Մոսկվայի ճարտարապետների միության նախագահն էլ ասել էր Հյուսիսային պողոտան ԱՊՀ-ի լավագույն կառույցներից է: Հիմա ի՞նչ եք ուզում, նա էլ կա, նա էլ, հիմա նա հաճելի չէ, սա հաճելի է: Իվանովը հաճելի մարդ է, պրոֆեսիոնալ է, բայց խորքային խնդիրներին ծանոթ չէ»:

Նշենք, որ գլխավոր ճարտարապետի ասած` «ինչ-որ» Իվանովը, ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսոր է եւ հեղինակել է 150 հոդված քաղաքի զարգացման խնդիրների, ինչպես նաեւ պատմական քաղաքային միջավայրի պահպանման ու վերականգնման վերաբերյալ:

Aravot.am-ը պարոն Սարգսյանից նաեւ հետաքրքրվեց, արդյոք որպես գլխավոր ճարտարապետ երաշխավորո՞ւմ է, որ «Աֆրիկյանների տուն» պատմական հուշարձանը, որն իրացման գոտի է եւ նախատեսված է տեղափոխել այլ վայր, նույնությամբ էլ կվերականգնվի, այլ ոչ թե, ինչպես որոշ մասնագետներն են պնդում, քարերը կվնասվեն ու լիրաժեք տեսքը կկորցնի: «Պատրաստ եմ տակը ստորագրել, «պերսոնալնո» գրել, ու զոհասեղանին դնել այն պատիվը, որ եթե ձեր կարծիքով, այսքան մնացել է, պատրաստ եմ դնել»,-ասաց գլխավոր ճարտարապետը:

Միջազգային մասնագետի դիտարկմամբ, հուշարձանի պահպանությունը միայն ֆասադը չէ, այլեւ շենքի ներքին որոշ դետալներ ու կառուցվածք, ուստի   Aravot.am-ը պարոն Սարգսյանից հետաքրքրվեց, ԱԳՆ-ի շենքում հյուրանոց կառուցելով, իսկ ներսում լայնամասշտաբ շինարարություն ծավալելով, չի՞ վնասվի շենքի հուշարձանային ու պատմական տեսքը: Ըստ գլխավոր ճարտարապետի, «ԱԳՆ-ի ներսում հուշարձան չկա, դրանք հեքիաթներ են,  նույն պատերն ու կամարներն, ինչ կա, դա մնալու է, ուղղակի ռեմոնտ են անում: Իհարկե, ինտերյերը պատմության հետ կապ ունի, բայց ես համոզված եմ, որ այդ փոքր շենքում լուրջ հյուրանոց չեն կարող ստանալ, անհրաժեշտ է գնել կողքի կառույցները, ինչը ես իրենց ասել եմ` անպայման պետք է ձեռք բերել գրախանութն ու այդ շարքը: Եթե դա ձեռք բերեն, ապա մեզ կհաջողվի ԱԳՆ-ի շենքը վերականգնել այն նախագծով, որով արել է Սամվել Սաֆարյանը, իսկ Սաֆարյանի նախագիծը կիսատ է կառուցված»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930