Երեւանում բնակվող մովսեսցի մտավորականները պարբերաբար հանդիպումներ են ունենում, որտեղ քննարկում են գյուղի սոցիալ-տնտեսական եւ մշակութային զարգացման խնդիրները եւ դրանց լուծման ուղիները: Նման հանդիպումներից մեկին հրավիրվել է «Առավոտի» թղթակիցը:
Այդ հավաքի ժամանակ արծարծվեցին գյուղի խմելու եւ ոռոգման ջրի խնդիրները, Մովսեսգեղի անվանակոչման եւ այլ հարցեր: Երեւանաբնակ մովսեսցիներին միավորում է կրթության նախկին փոխնախարար Ռոբերտ Փոլադյանը: Սեպտեմբերի 15-ին հանդիսավորությամբ նշվեց Մովսեսի դպրոցի 160-ամյակը, այդ առթիվ գյուղում կայացավ հանդիսավոր միջոցառում, լույս տեսավ Մովսեսի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանի «160-ամյա տարեգրության էջերից», ինչպես նաեւ՝ «Կատակում են մովսեսցիները» գրքերը:
1980-ական թվականներին Մովսեսի դպրոցում սովորում էր 1000-ից ավելի աշակերտ: Ներկայումս գյուղի միջնակարգ դպրոցն ունի 7 անգամ պակաս՝ 160 աշակերտ: Այժմ Մոսկվայի դպրոցներում դասարաններ կան, որտեղ աշակերտների մեծամասնությունը ծագումով մովսեսցի են: Երեւանաբնակ մովսեսցիների նպատակն է նպաստել սահմանամերձ գյուղում զարգացման ծրագրերի իրականացմանը, արտագաղթի կանխմանը: Տավուշի մարզպետարանում Մովսեսի խնդիրներից լավատեղյակ չեն: Մարզպետարանի ինտերնետային կայքում մարզի կրթական հիմնարկների ցանկի մեջ որպես Մովսեսի միջնակարգ դպրոցի տնօրեն է նշված Դերենիկ Բադալյանը, մինչդեռ 2011թվականից սահմանամերձ գյուղի կրթօջախի տնօրենն է Ռուզաննա Ադամյանը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ