«Եթե մենք օդանավ ենք ուղարկում, մարդկանց բերում ենք Սիրիայից, ուրեմն` նաեւ պարտավոր ենք այդ մարդկանց աշխատանքի տեղավորել: Դուք ձեր հայրենիքում ձեր տունը պիտի ունենաք, ձեր անկյունը: Սա ձեր երկիրն է, ձեր հայրենիքն է, դուք ունեք նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ որ ես»,- այսօր Սփյուռքի նախարարությունում սիրիահայ գործարարների հետ կայացած հանդիպմանը հայտարարեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Հանդիպմանը ներկա էին 20-ից ավելի սիրիահայ գործարարներ, ինչպես նաեւ Զարգացման հայկական գործակալության ղեկավար Ռոբերտ Հարությունյանը եւ Փոքր եւ միջին բիզնեսի կենտրոնի ղեկավար Վարազդատ Կարապետյանը:
Սփյուռքի նախարարը նշեց, որ ոչ ոք չգիտի, թե երբ կհանգուցալուծվի Սիրիայի լարված ներքաղաքական իրավիճակը:
«Ես հանրապետության նախագահի` Լիբանան կատարած այցի ժամանակ հնարավորություն ունեցա լսել Լիբանանի նախագահի կարծիքը սիրիական հարցի վերաբերյալ: Լիբանանը ավելի խեղճացած էր ու տխուր: Այնտեղ իշխանությունը բաժանված է երկու մասի` մի մասը սատարում է ԱՄՆ-ին, մյուս մասը` Սիրիայի իշխանություններին»,- նկատեց Հրանուշ Հակոբյանը` դիմելով դահլիճում հավաքված սիրիահայ գործարարներին:
Կարդացեք նաև
Սփյուռքի նախարարը հույս հայտնեց,որ սիրիահայ գործարարների միջոցով հնարավոր կլինի ուժեղացնել մեր տնտեսության համեմատաբար ավելի թույլ ճյուղերը:
«Դուք հաջող գործել եք Սիրիայում, ծաղկացրել եք Սիրիան, մեր երկիրն էլ տնտեսապես այնքան էլ զարգացած չէ, հույս ունեմ, որ ձեր օգնությամբ հնարավոր կլինի ծաղկեցնել նաեւ մեր երկիրը»:
Հանդիպման ընթացքում նաեւ շեշտվեց պետության կողմից սիրիահայ գործարարներին` հարկերից ու մաքսերից ազատելու գործընթացը, մասնավորապես` սիրիահայ գործարարները հնարավորություն կունենան Սիրիայից առանց հարկերի սարքավորումներ ներմուծել Հայաստան:
Դահլիճում հավաքված սիրիահայ գործարարների մեջ կային ոսկերիչներ, ավտոդողերի վաճառականներ, հյութեր արտադրող կազմակերպության ներկայացուցիչներ:
Աշոտ ԱԹԱՅԱՆ