Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ Թաթուլ Ենգիբարյանը, ում 20-ամյա որդին զոհվել է Իջեւանի զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանի գործողությունների հետեւանքով, վերջինիս նկատմամբ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը չափից դուրս մեղմ է համարում եւ մտադիր է բողոքարկել այն: Այդ մասին «Առավոտի» թղթակցին հայտնեց Թաթուլ Ենգիբարյանը: Նրա խոսքերով՝ ինքը վերաքննիչ բողոք կազմելու համար օգտվում է փաստաբանի ծառայություններից:
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրից տեղեկացանք, որ զինվորական դատախազությունը դեռեւս չի բողոքարկել Սերգեյ Կարապետյանի դատավճիռը: Հավանաբար, դրա պատճառն այն է, որ այդ դատավճիռը ծավալուն է, կազմում է 52 էջ, այն ուսումնասիրելու եւ բողոքարկելու համար զինվորական դատախազությանը որոշակի ժամանակ է հարկավոր:
Դեռեւս չի լրացել դատավճիռը բողոքարկելու համար օրենքով նախատեսված ժամկետը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Իջեւանի զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանին դատապարտեց 6, նույն զորամասի գումարտակի նախկին հրամանատար Հրանտ Դալլաքյանին՝ 3 տարվա ազատազրկման: Վերջինս կալանքի տակ չէր, նա համաներումով ազատվեց պատժի կրումից: Զինվորական դատախազ Ներսես Միսակյանը պահանջել էր Ս. Կարապետյանին դատապարտել 14, Հ. Դալլաքյանին ՝ 4 տարվա ազատազրկման: Ամբաստանյալների պաշտպան Մամիկոն Թորոսյանը պահանջել էր արդարացնել իր պաշտպանյալներին:
Այս քրեական գործի պատմությունը հետեւյալն է. Իջեւանի տարածաշրջանից չորս երիտասարդներ 2010թ. դեկտեմբերի 31-ին, տարեմուտից մի ժամ առաջ ջերմության դեղորայք են տարել իրենց ընկերներից մեկի եղբորը, ով վերոհիշյալ զորամասում է ծառայում: Նրանց հանդիպել է զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը: Վերջինս զայրացել է նրանց այցից, հրամանատարի եւ երիտասարդների միջեւ վեճ եւ ընդհարում է եղել: Կարապետյանը նրանց ահաբեկելով՝ բերման է ենթարկել իր աշխատասենյակ: Այնտեղ տղաները ծեծվել եւ ահաբեկվել են, ահաբեկված երիտասարդները ցատկել են երկրորդ հարկում գտնվող Կարապետյանի աշխատասենյակի պատուհանից: Դրա հետեւանքով 20-ամյա Տարոն Ենգիբարյանը գլխի ծանր վնասվածքներ էր ստացել, իսկ 21-ամյա Աշոտ Ուլիխանյանը՝ ձախ ոտքի կոտրվածք: Տարոնին տեղափոխել էին Իջեւանի հիվանդանոց, ապա Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 10 օր հետո, այդպես էլ գիտակցության չգալով` Իջեւան քաղաքի մերձակա Գետահովիտ գյուղի 20-ամյա բնակիչ Տարոն Ենգիբարյանը մահացել է:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ