ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրում դեռ հինգ տարի առաջ խոստացել էր. «Հայաստանում, որին մենք ձգտում ենք, բոլորը հավասար են լինելու օրենքի առջև»:
Aravot.am-ի հետ զրույցում մի շարք իրավապաշտպաններ պնդեցին, որ այս իմաստով ՀՀ նախագահի խոստումը լիովին չի կատարվել:
«Իրավունքի եւ ազատության» կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Մեծ քայլեր են ձեռնարկվել, որ ճիշտ հակառակը իրականացվի: Եթե մշտապես ՀՀ-ում օրենքի առաջ բոլորը հավասար չեն եղել, ապա Սերժ Սարգսյանի օրոք այդ անհավասարությունը շատ ավելի խիստ է արտահայտվում: Ոչ միայն Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրի այս, այլև մնացած բոլոր ծրագրային դրույթները ի կատար չի ածել: Եվ ժողովրդավարության վերաբերյալ մասը, և ներքաղաքականությանը, տնտեսությանը վերաբերող մասերը: Փաստարկը մեր իրականությունն է: Դա այնքան ակնհայտ է»:
Ի պատասխան մեր այն դիտարկմանը, թե այս հինգ տարիների ընթացքում անգամ ոստիկանապետ դատեցին, դա չի՞ նշանակում, որ ինչ-ինչ քայլեր արվել են օրենքի առաջ հավասարություն հաստատելու համար, պարոն Հարությունյանն այսպես պատասխանեց. «Իսկ ոստիկանապետին դատելը նշանակում է, որ օրենքի առաջ բոլորը հավասա՞ր են: Օրենքի առաջ բոլորը հավասար լինել նշանակում է, որ մարդիկ հավատան արդարադատությանը, վստահ լինեն իրենց վաղվա օրվան, որ իրենց վրա կամայական գործեր չեն հարուցվի: Ոչ թե կամայանականորեն դատում են այս կամ այն ոստիկանապետին միայն այն պատճառով, որ իրենց խաղի կանոններն են խախտել»:
Կարդացեք նաև
«Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանի կարծիքով՝ վերոնշյալ ծրագրային դրույթը հռետորական մտքերից է, որոնք քաղաքական գործիչները անում են, ինչը ընդունված տարբերակ է: Նրա ձևակերպմամբ՝ «դրանք մտքեր են, որ հասարակությանը դուր են գալիս և բոլոր պետություններում էլ քաղաքական գործիչները կիրառում են: Բոլորն էլ խնդրում են ժամկետներ, որ իրենց ասածները իրականություն դարձնեն»:
Դառնալով մեր իրականությանը՝ պարոն Տեր-Եսայանն ասաց. «Դեռ շատ անելիքներ կան, որ նման իրավիճակի հասնենք, որը խոստացվել է հինգ տարի առաջ: Այստեղ մի նրբություն կա: Եթե լիդերը մի միտք է ասում, եթե մեկ մարդ քաղաքական խոստում է տվել, ապա մեկը բնականաբար չի կարող դա անել: Պարզապես թիմը, այն մարդիկ, որ համակիրներ են, որոնք պաշտոն են զբաղեցնում, իրենք պետք է վերցնեն որոշ բարոյական պատասխանատվություն իրենց վրա: Թե չէ այդ անձը վերջիվերջո անձ է: Պետք նայել, տեսնել՝ ով է, որ չի պահպանում իր ասած խոսքերը, ականջից բռնել, հանել կաբինետից դուրս, որ չերևան համակարգում: Թե չէ մեզանում մարդկանց, որ պաշտոնից հանում են, մեկ էլ տեսնում ես պատգամավորության ցուցակում են հայտնվում, մարզպետին հանում են, դեսպան են նշանակում, դեսպանությունից հանում՝ բերում են կառավարություն: Ժողովուրդը տեսնում է, չէ: Այնինչ՝ մարդը մի սխալ արեց, ուրեմն էլ չպիտի աշխատի քաղաքականության մեջ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ