Կարդացեք նաև
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօրվանից սկսվեցին ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մենամարտերը:
Առաջինն իրենց հարաբերություններն էին պարզում մինչեւ 56 կգ քաշայինները, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Տարոն Սողոմոնյանը: Վիճակահանությունը հենց մեկնարկում հայ բռնցքամարտիկի դեմ դուրս էր բերել ադրբեջանցի Նասրադդին Մամմադովին: Հայ բռնցքամարտիկը բոլոր երեք ռաունդներում էլ բացահայտ առավելություն ցույց տվեց եւ ի վերջո 18:12 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ: Ի պատասխան, ադրբեջանցին չէր խուսափում արգելված հնարքներ կիրառելուց, ինչի համար մրցավարից նկատողություն ստացավ: Ավելին, Մամմադովը մի քանի անգամ մերձամարտում ծնկով հարվածեց Տարոնին` գոտկատեղից ներքեւ եւ ամեն անգամ նրա այդ արարքը առաջ էր բերում հանդիսականի զայրույթը: Դժվար է պնդել, սակայն բացառված չէ, որ ադրբեջանցին այդպես փորձում էր հայաստանցի մարզասերների մեջ անցանկալի գործողություններ սադրել: Սակայն չստացվեց. հայ մարզասերները գիտեն իրենց զսպել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ