Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. Դատախազությունը բանսարկությամբ է զբաղված

Նոյեմբեր 29,2012 17:16

Աղմկահարույց «Մատաղիսի գործով» փաստաբան Հայկ Ալումյանը դժգոհում է, որ դատախազությունը ոչինչ չի անում բացահայտելու 8,5 տարի առաջ Մատաղիսում երկու զինծառայողի սպանության իրական մեղավորներին:

«Դատախազությունը փոխանակ իր դերում լինի ու փորձի իրականությունը պարզել եւ իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկել, փորձում է գործը կոնկրետ մարդկանց վրա բարդել: Արդեն 8,5 տարի է երեք նախկին զինծառայողներ են մեղադրվում, որոնց անմեղությունն արդեն բոլորի համար ակնհայտ է»,- այսօրվա ասուլիսում ասաց պարոն Ալումյանը:

Նրա խոսքերով միայն նոյեմբերին դատական նիստը մի քանի անգամ հետաձգվել է, մեղադրող կողմն էլ անհիմն պատճառներով հետաձգել է մեղադրական ճառի հրապարակումը: Ըստ նրա, 3 մեղադրողներից մեկը արձակուրդում է, մեկը հիվանդ, մյուսն էլ պնդել է, թե ծանոթ չէ գործի մանրամասներին: Պարոն Ալումյանը հետո է հասկացել, ինչով է պայմանավորված մեղադրական ճառի ձգձգումը:

Փաստաբանի խոսքերով, դատախազությունը օգտագործում է ամբաստանյալներից մեկի՝ Ռազմիկ Սարգսյանի նախկին ընկերուհուն եւ ստիպում է նրան սուտ վկայություն անել.«Երբ ոչ մի ապացույց չկար, հանկարծ դատարանում հայտնվեց մի երիտասարդ կնոջ դիմում, որով հայտարարում էր, որ ամբաստանյալներից Ռազմիկ Սարգսյանը իրեն ասել է՝ նայի դու էլ իմ զոհը չդառնաս: Միջնորդեցինք՝ այդ կնոջը հրավիրել ու հարցաքննել: Բոլորի ներկայությամբ հայտարարեց, որ Ռազմիկից այդպիսի բան չի լսել, իսկ հարցին, թե ինչու եք նման բան գրել, մեղադրողին ասաց՝ դուք եք թելադրել, ես էլ գրել եմ: Հանկած իմացանք, որ դատախազությունը մեղադրական ճառի ձգձգման քողի տակ ձեռնարկում է այդ կնոջը ճնշել, որ սա նորից գա ու վկայի ամբաստանյալներից մեկի դեմ»:

Փաստաբանի պատմելով, Ռ. Սարգսյանի նախկին ընկերուհին արդեն հասցրել է մի քանի այլ սուտ վկայություններ տալ, մասնավորապես՝ իբրեւ թե Ռազմիկն իրեն բռնաբարել է, հետո էլ փող է հափշտակել.«Ինչպե՞ս է բռնաբարել, երբ նրանք տարի ու կես փաստացի ամուսիններ են եղել ու ապրել նույն շեմի տակ»:

Պարոն Ալումյանը չի ցանկանում խախտել որեւէ մեկի անմեղության կանխավարկածը, դրա համար էլ մեղավորների անուններ չի տալիս, բայց

ըստ նրա, գործում կա երկու մարդկանց ինքնախոստովանություն, որոնք շատ բան են հուշում. «Մեկը խոստովանել է , որ այս ինչ մարդիկ իր մասնակցությամբ սպանությունը կատարել են այս ինչ պարագաներում, հիմա նա քրեական պատասխանատվության չի ենթարկվում եւ մեկ ուրիշն էլ նմանատիպ ինքնախոստովանություն է արել: Հասկանո՞մ եք ինչ է պետք անել մարդուն, որ մարդը չկատարած սպանությունը վերցնի իր վրա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930