Ավելի համեղ բան, քան ջեռեփ կարտոֆիլը` կանաչ լոլիկով աղցանի հետ, դժվար է պատկերացնել ուշ աշնանային կամ վաղ ձմեռային ընթրիքների համար:
Քանի դեռ ձեր դրած թթուն լրիվ չի թթվել` կարտոֆիլի, լոբու, ոսպի հետ ընկերակցելու համար, դրանց լավագույն ընկերը կարող է լինել հենց այս հեշտ, արագ պատրաստվող, վիտամիններով հարուստ եւ ամենակարեւորը` շատ համեղ աղցանը:
Մեզ անհրաժեշտ է ընդամենը` 1 կգ կանաչ թարմ լոլիկ (ամենախակ կանաչից մինչեւ կիսավարդագույնը), 1-2 կանաչ կամ կարմիր տաքդեղ, 1-2 գազար, 1 սոխ, 2 ցողուն ազատքեղ (քյարավուզ), 2-3 գդալ բուսական յուղ, 1-2 գդալ խնձորի կամ սպիտակ գինու քացախ, աղ, պղպեղ…
Բոլոր բանջարեղենները կտրատել, գազարը` քերել, վրան լցնել բուսական յուղի եւ քացախի խառնուրդը, աղ ու պղպեղ անել, մատուցել: Կարելի է ավելացնել նաեւ դդումի կորիզ` ավելի գեղեցիկ տեսք եւ օրիգինալ համ ստանալու համար: Ի տարբերություն մյուս աղցանների` կանաչ լոլիկով այս աղցանը ոչ միայն պատրաստումից անմիջապես հետո է համեղ, այլեւ` մեկ-երկու օր անց:
Կարդացեք նաև
Բարի ախորժակ: