Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեժիսոր Արմեն Գասպարյանին պատասխանում է նաեւ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի մամլո դիվան

Նոյեմբեր 29,2012 16:51

Անդրադառնալով երեկվա մի շարք լրատվական աղբյուրներով լուսաբանված ասուլիսին, որտեղ ռեժիսոր Արմեն Գասպարյանը փորձում է «Հայկական հացը» ֆիլմի նկարահանումների ընթացքում սեփական անհաջողությունները բարդել մոսկվաբնակ բարերար Վարդգես Արծրունու և թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանի հարաբերությունների, ինչպես նաև Սանկտ-Պետերբուգի հոգևոր հովիվ Տ.Սարգիս քհն. Չոփուրյանի վրա, ցանկանում ենք տեղեկացնել, որ արված հայտարարություններն անհիմն են, զրպարտիչ և ստահոդ:

Ֆիլմը ներկայացված է եղել Սանկտ-Պետերբուգի «Նեվսկիյ բլագովեստ»քրիստոնեական ֆիլմերի միջազգային փառատոնին, որի ժյուրիի անդամները նպատակահարմար չեն գտել այն ընդգրկել ցուցադրվող ֆիլմերի շարքում, քանի որ ըստ փառատոնի նախագծի ղեկավար Ռաիսա Եվդոկիմովայի` ֆիլմը Հայ Եկեղեցու անունից ցուցադրելու համար պաշտոնական գրություն իրենք չեն ստացել:

Կից ներկայացնում ենք մերժման գրավոր պատասխանը Թեմակալ առաջնորդի անունով։

«Այս փառատոնին տարիներ շարունակ մասնակցել են և Հայաստանից, և Սանկտ-Պետերբուրգից հայ ռեժիսորներ և կազմակերպչական հարցերում որևէ խնդիր երբևէ չենք ունեցել»,-պարզաբանում է Տ.Սարգիս քահանա Չոփուրյանը:

Արմեն Գասպարյանը, ցանկանալով Մոսկվայում կառուցվող եկեղեցու մասին նկարահանումներ կատարել, առաջնորդարան դիմելու փոխարեն, դիմում է Վարդգես Արծրունուն և, իր համար ապահովելով ֆինանսական հովանավորություն, սկսում նկարահանումները՝ անտեսելով Սրբազան հոր օրհնությունն ու համաձայնությունը։ Մինչդեռ երկու հազար չորս թվականից առ այսօր առաջնորդարանի լրատվական բաժինը պարբերաբար նկարահանումներ է կատարում և լրացուցիչ կադրերի կարիք երբեք չի ունեցել։Այս ընթացքում Ա.Գասպարյանը Սրբազան հոր հետ հանդիպել է ընդամենը մեկ անգամ։ Հետագայում ռեժիսորն այս փաստն օգտագործում է, թե իբր ստացել է Սրբազան հոր օրհնությունն ու աջակցությունը և Մայր Աթոռին դիմում է գրում այլ եկեղեցիներում նկարահանումների թույլտվություն ստանալու համար: Երբ պարզվում է, որ Արմեն Գասպարյանը շահարկում է Սրբազան հոր անունն ու հեղինակությունը, բնականաբար, թույլ չեն տալիս շարունակել նկարահանումները: Այս ամենն իրեն ձեռնտու հունով ուղղորդելու համար` Ա.Գասպարյանն աղաղակում է, թե ֆիլմի բարերար Վարդգես Արծրունու և Եզրաս Սրբազանի միջև ծագած անհամաձայնության պատճառով ինքը ձախողումներ է ունեցել: Սակայն հայտնի է, որ Վարդգես Արծրունին, որպես թեմական խորհրդի անդամ, Սրբազան հոր հետ գտնվում է ամենօրյա շփումների մեջ և ինչպես նախկինում, այնպես էլ այսօր իր նպաստն է բերում Մոսկվայի եկեղեցական համալիրի կառուցմանը: Այս առնչությամբ բարերար Վարդգես Արծրունին տեղեկացրեց, որ ժամանակին հրաժարվել է համագործակցել Ա. Գասպարյանի հետ, որովհետև վերջինս անտեսել է իր հորդորները մինչ նկարահանումները ստանալ Սրբազան հոր օրհնությունը։

Ամենևին չանդրադառնալով ֆիլմի սցենարական, օպերատորական և ռեժիսորական աշխատանքների որակին, որոնք, մեր կարծիքով, պատշաճ մակարդակ չեն ապահովում, որպեսզի Հայ Եկեղեցու անունից ներկայացնեն մեր հոգևոր մշակույթն ու դարավոր ավանդույթները, պարզապես ցավում ենք, որ ֆիլմի ռեժիսորը փորձում է ինքնահաստատվել պարզունակ հնարքներով` շահարկելով Եկեղեցին, նրա հեղինակությունը և սպասավորներին:

Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930