Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԿ մասնագետ. Հայաստանում հղիներին չափից շատ են հետազոտում ու չափից շատ դեղորայք են նշանակում

Նոյեմբեր 29,2012 16:48

Հայաստանի որոշ բժշկական օղակներում հղիներին կամ չափից շատ են հետազոտում, չափից շատ դեղորայքներ են նշանակում, կամ էլ անհրաժեշտ դեղորայքները ճիշտ քանակությամբ չեն տալիս: Aravot.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) խորհրդատու Օլեգ Շվաբսկին:

ԱՀԿ մասնագետները մի քանի համայնքների առաջնային բուժօղակներում ուսումնասիրություններ են կատարել` պարզելու թե ինչ իրավիճակ է մեզ մոտ պոլիկլինիկաներում, հատկապես հղիներին մատուցվող ծառայություններում:

Aravot.am-ի այն հարցին, թե ի՞նչ լուրջ խնդիրներ են նկատել, եւ առաջին հերթին այդ ոլորտում ի՞նչ բարեփոխումներ պետք է կատարի Հայաստանի կառավարությունը, պարոն Շվաբսկին ասաց. «Նախ մենք ընդամենն առաջարկում ենք, Հայաստանը ինքնուրույն պետություն է, ինքը կորոշի, հետեւել մեր առաջարկներին, թե ոչ: Իսկ պոլիկլինիկաներում նկատած առաջին խնդիրը, դա հիպերդիագնոստիկան է, այսինքն չափից շատ հետազոտություններ են նշանակում, մի քանի անգամ ուլտրաձայնային հետազոտություններ են անում, ինչը ըստ ԱՀԿ-ի, պետք է 1 անգամ արվի: Չափց շատ դեղորայքներ են նշանակում, ընդ որում նաեւ այնպիսի դեղորայքներ, որոնց էֆեկտիվությունն ապացուցված չէ»:

Մեր այն հարցին, իսկ ճշտել ե՞ք թե ինչո՞ւ են նման դեղորայքներ նշանակվում, ԱՀԿ մասնագետն ասաց` «Որովհետեւ այդպես են սովորեցրել»:

Մեր այն դիտարկմանն էլ, որ Հայաստանում դեղագործական ընկերությունների լոբբինգն այնպիսին է, որ իրենց դեղորայքը սպառելու համար, անգամ բժիշկներին են այսպես ասած` վարձատրում, որպեսզի վերջին նշանակում անի հենց իրենց դեղը, պարոն Շվաբսկին ասաց. «Ամբողջ աշխարհում կա նման բան` դեղորայքների լոբբինգ: Բայց Հայաստանում իրավիճակն ավելի լավ է»:

Այսօր Ամերիկյան համալսարանում ԱՀԿ-ի եւ հայաստանյան մասնագետների հետ քննարկվում է ԱՀԿ-ի հետազոտության արդյունքները, եւ թե ինչ պիտի արվի պոլիկլինիկաների եւ ուղեգրումների համակարգի բարելավման արդյունքում, մայրական եւ նորածնային հիվանդացության եւ մահացության կրճատման ուղղությամբ:

Մեզ հետ զրույցում պարոն Շվաբսկին նաեւ նշեց, որ որոշ դեղամիջոցներ սխալ են նշանակում, եւ ոչ ճիշտ դեղաչափերով,սակայն ընդհանուր առմամբ, բուժծառայությունները մատչելի են բնակչության համար: Մասնագետը նաեւ առաջարկում է նորմալ հղիության վերահսկումը տալ ընտանեկան բժիշկներին: Թե որքանով են ընտանեկան բժիշկները պատրաստ դրան, մեզ հետ զրույցում առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն ասաց, որ առայժմ ընտանեկան բժիշկները դրան լիարժեք պատրաստ չեն, սակայն կան որոշ համայնքներ, որտեղ իսկապես այդ գործընթացը լավ են անում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930