Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Սա մի նախաձեռնություն է, որին դժվար է չմիանալ»

Նոյեմբեր 29,2012 16:35

Պետաիրավական հանձնաժողովի երեկվա քննարկումը հերթական ապացույցն էր, որ անգամ խախտելով տրամաբանության բոլոր կանոնները, իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի ԱԺ լիագումար նիստում ընտրական օրենսգրքի փոփոխություններ չլինեն: Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նրա գնահատականներով, իշխանությունը դիմադրում է ոչ միայն բուն փոփոխություններին, այլ նաեւ այդ առիթով քննարկումներին: «Անգամ գնացին Սահմանադրության ոտնահարմանը»,- վերջին օրերին մշտապես արվող այս պնդումը կրկնեց Լեւոն Զուրաբյանը:

Ինչպես տեղեկացրել ենք, ՀԱԿ-ն արդեն ստորագրահավաք է նախաձեռնել՝ ՍԴ դիմելու համար: Խմբակցության անդամ, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն էլ արդեն պատրաստել է ՍԴ դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Դիմումի տեքստը կհրապարակվի ավելի ուշ:

Հիշեցնենք, որ ամսի 21-ին խորհրդարանական մեծամասնությունն՝ օգտվելով ԱԺ կանոնակարգ-օրենքի սահմանած բոյկոտի ինստիտուտից, տապալեց ընտրական օրենսդրությունում փոփոխություններ կատարելու նպատակով խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստը: «Կարծում եմ, որ սա բոլոր այն քաղաքական ուժերի գործը պետք է լինի, որոնք նախաձեռնել են այս արտահերթ նիստը եւ որոնք բոլորն ընդունել են նիստի տապալումը, որպես իրենց սահմանադրական իրավունքի ոտնահարում»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

ՀԱԿ-ն անցած օրերի ընթացքում այս հարցի վերաբերյալ խորհրդակցություններ էր նախաձեռնել խորհրդարանական խմբակցությունների հետ: Լեւոն Զուրաբյանը չցանկացավ բարձրաձայնել դրանց արդյունքները, թեեւ ասաց, որ որոշ խմբակցություններ նախապես իրեն հայտնել են սեփական դիրքորոշումները: Լրագրողների դիտարկմանը՝ ակնկալո՞ւմ են, որ 27 ստորագրություն կհավաքվի, պարոն Զուրաբյանը զերծ մնաց մեկնաբանություններից եւ որակումներից, ասաց, որ որեւէ պարագայում չի ցանկանում որեւէ մեկին մեղադրել ու անկախ նրանից՝ ՀԱԿ-ին աջակցելո՞ւ են այլ ուժերը, թե՞ ոչ, Կոնգրեսը Հայաստանի ժողովրդավարացման, իրավական պետություն դառնալու ուղղությամբ իր քայլերն անելու է: «Իհարկե, լավ կլինի, որ աջակցեն: Մենք ոչ հետագա համագործակցության պայման ենք դնում, սա մեր կողմից սկզբունքային քայլ է: Կարծում եմ, նաեւ զուտ իրավական առումներով մենք համոզել ենք, հիմա, գործը մնում է իրենց: Իրենք են որոշելու՝ ինչպես մասնակցել այս նախաձեռնությանը: Ես, այնուամենայնիվ, շատ լավատես եմ այդ հարցում: Սա մի նախաձեռնություն է, որին դժվար է չմիանալ»,- ասաց Զուրաբյանը:

Նրա կարծիքով, վերջերս նշմարվող համագործակցության բանալին այն էր, որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները փոխադարձաբար օգնեն միմյանց՝ իրենց նախաձեռնություններում:

Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, որ իրենց խմբակցությունը միանալու է ՀԱԿ-ի նախաձեռնությանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930