Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Արամյան. « Ընդունելի չէ, երբ ասում են համակարգն ամբողջությամբ հիմարություն է» (Տեսանյութ)

Նոյեմբեր 29,2012 16:28

«Ընդդիմադիր գործընկերները կկատարեն արժեքավոր առաջարկություն, բայց այն պետք է լինի ոչ թե քննադատաբար եւ գլոբալ, այլ` կոնկրետ մասնագիտական, որպեսզի մենք կարողանանք իմանալ` ինչ է անհրաժեշտ շտկել: Ընդունելի չէ, երբ ասում են համակարգն ամբողջությամբ հիմարություն է, անընդունելի է: Մենք այդ համակարգի վրա ութ տարի աշխատել ենք»,-այսօր «Հայացք» ակումբում արձագանքելով ընդդիմադիր գործիչների քննադատություններին` ուղղված կենսաթոշակային բարեփոխումների փաթեթին, ասաց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:

Նախօրեին ՀԱԿ պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը մտահոգություն էր հայտնել, որ կենսաթոշակի համար հավաքվող գումարները արտահանելը եւ Եվրոպական արժեթղթեր գնելն այս նոր համակարգի «ամենամեծ թերություններից» է: Ըստ Հրանտ Բագրատյանի, այդ գումարները միանգամայն կարող են մեր երկրում ներդրվել:
Aravot.am-ը Վարդան Արամյանից հետաքրքրվեց, թե կա՞ օրենքով սահմանափակում, թե ֆոնդի կառավարիչները, որոնք պետք է տնօրինեն կենսաթոշակի գումարները, քանի՞ տոկոսն իրավունք ունեն Հայաստանից հանելու եւ որքանը մեր երկրում ներդնելու: Փոխնախարարի վստահեցմամբ` օրենքը միանշանակ սահմանափակումներ դնում է: Վ. Արամյանի պատասխանը` տեսանյութում.

Խոսելով կենսաթոշակային բարեփոխումների նոր լրամշակված փաթեթից, պարոն Արամյանը հայտնեց, որ «ՀՀ կառավարությունը ոչ թե խաղի կանոններ է փոխել եւ հետ է կանգնել նախորդ ձեւաչափից», ինչպես որ հայտարարում են ընդդիմադիր գործիչները, այլ` փաթեթում 3 խումբ հարցեր են շտկվել: Փոփոխել են եկամտահարկի մասին մայր օրենքը, որոշ շտկումներ են արվել ողջ օրենսդրական փաթեթներում եւ հստակեցվել են տեխնիկական հարցերը:

Ըստ պարոն Արամյանի՝ 2013-ից գործելու է եկամտային հարկը, 2014-ից՝ պարտադիր կուտակային համակարգը:

Ինչ վերաբերում է համակարգի հուսալիությանը, ապա փոխնախարարը հայտնեց, որ կենսաթոշակների գումարներից գոյացած ֆոնդերը կառավարելու են միջազգային ճանաչում ունեցող ընկերություններ: Երեկ տեղի ունեցած Կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված համաժողովում միջազգային շուկայում հայտնի GAM ընկերությունը մտադրություն է հայտնել մուտք գործել հայկական շուկա: Մի ընկերություն` «Քեփիթալ ասեթ մենեջմենթ»-ն արդեն Հայաստանում է, սակայն կաշխատի միայն կամավոր կուտակայինի դաշտում: Պարտադիրին միանալու համար ընտրվելու են միմիայն բարձր նիշեր ունեցող ֆոնդի կառավարիչներ:

Կենսաթոշակային բարեփոխումների ամենամեծ ձախողումները, փոխնախարարի տվյալներով, եղել են Արգենտինայում եւ Հունգարիայում, քանի որ այդ երկրների «մակրոտնտեսական քաղաքականությունը ահավոր վատն է եղել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930