«Առավոտ երիտասարդականն» այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանում էր: Հետաքրքրվում էր բուհի ներսում ուսանողներին անհանգստացնող խնդիրներից: Տնտեսագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցման մի քանի ուսանողներ, ովքեր չցանկացան ներկայանալ, բողոքեցին դասախոսներից: Ասացին, որ նրանք լավ պատրաստված, սովորած ուսանողին գնահատական չեն նշանակում, այնքան են «տանում -բերում», որ վերջում ուսանողները փող են տալիս գնահատականը ստանալու համար:
«Մեզ հետ անձամբ նման դեպք եղել է: 10 անգամ չնշանակեց եւ վերջում գումար ուզեց: Մենք էլ տվեցինք»,- պատմում է ուսանողներից մեկը:
Ուսանողների բողոքի կապակցությամբ «Առավոտ երիտասարդական»-ը ցանկացավ զրուցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի հետ, սակայն, ինչպես ընդունարանում մեզ փոխանցեցին, նա գործուղման մեջ է: Փոխարենը լսեցինք Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Յուրի Մարմարյանին: Նա ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, ասաց, որ հնարավոր է ուսանողները փող տված լինեն դասախոսին. «Արդեն մեկ ու կես տարի է՝ հեռակա ուսուցման համակարգի ուսանողների ստուգողական աշխատանքները, կուրսային աշխատանքները, քննությունները ընդունվում են հանձնաժողովում: Ութ տարի է՝ այս բոլորին ներկա են լինում ինչպես ռեկտորատի, այնպես էլ դեկանատի ներկայացուցիչներ, ամբիոնի վարիչ, որակի վերահսկողության կենտրոնի աշխատակից եւ դասախոս: Ընդ որում, պարտադիր չի, որ դասախոսը լինի նա, ով դաս է տվել: Բոլորը անցկացվում են գրավոր տարբերակով: Եթե այդ ուսանողը, ով նման բան է ասել, Տնտեսագիտության ֆակուլտետից է, չի նշանակում, որ մեր ուսանողն է, քանի որ ոչ անուն կա, ոչ ազգանուն, ոչ էլ ես եմ տեսել նրանց: Ոչ մեկ չի կարող հերքել, ոչ էլ կարող է հաստատել: Դա այն երեւույթն է, որի նկատմամբ, ինչպես ԿԳ նախարարն է ասում, ռազմավարական ծրագրեր են անհրաժեշտ, հերքելու բոլոր տեսակի ռիսկերը: Ինչքանով դա կհաջողվի, մեր բոլորիս աշխատանքի արդյունքն է»:
Արամ Արարատյան