«Նույնականացման քարտի համար մեր կազմակերպությունը մեկ տարուց ավելի բանակցեց ներքին գործերի նախարարության հետ: Նոր անձնագիրը, որ չիպով է, եւ նույնականացման քարտը կամավոր են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Նույնականացման քարտ. Կառավարությունը գերազանցել է իր լիազորությունները» թեմայի շուրջ նշեց «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը:
Նրա պնդմամբ՝ սեպտեմբերի 13-ին կառավարությունը մի որոշում ընդունեց, որը իր լիազորությունները գերազանցեց: Ազգային ժողովի որոշումը օրենք է, իսկ կառավարության որոշումները ենթաօրենսդրական ակտեր են, որոնք պետք է չհակասեն Ազգային ժողովին կամ Սահմանադրությանը.
«Հիմա մարդկանց շահագրգռում են, գայթակղում, թե այդ քարտերը ստանալով, արտերկիր մեկնելն և այնտեղ գործունեություն ծավալելն ավելի հեշտ կլինի: Ինչ վերաբերում է եվրոպական երկրների փորձին, ապա մի շարք երկրներ` Գերմանիան, Անգլիան, Իռլանդիան, Ճապոնիան, իսլամական աշխարհը կտրականապես դեմ են այս չիպերով քարտերին, քանի որ անձնական կյանքի մասին այդքան տեղեկություններ հավաքելը համարում են մարդու իրավունքների խախտում»:
Բանախոսը կարծում է, որ ապագայում, երբ դրամ, դոլար և այլ արժույթներն այլևս գոյություն չեն ունենա և կգա վիրտուալ դրամական միավորների ժամանակը՝ կգա երրորդ փուլի ժամանակը. «Աշխարհի բնակչության մեծամասնությունը կտրականապես դեմ է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի կիրառմանը։ Հիմա դուք կարող եք քարտերով, բայց կանխիկ գումար հանել, ձեր գումարը կարող են գողանալ, իսկ հետագայում ձեր մարմնի միջից ոչ ոք չի գողանա»:
Ստամբոլցյանի համոզմամբ՝ այսքանով ցանկը չի ամփոփվում, նման նույնականացման քարտեր պետք է ստանան 1974 թվականին և հետո ծնված բոլոր այն աշխատակիցները, ովքեր աշխատանքի ընդունվելիս պետք է մտնեն կուտակային կենսաթոշակային համակարգ:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ