Դեկտեմբերի 1-ին տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի 50-րդ հոբելյանական համերգաշրջանի գալա-համերգը` ֆրանսիացի հայտնի ակորդեոնահար Ռիշար Գալիանոյի մասնակցությամբ: Այս մասին այսօր` Golden Tulip հյուրանոցում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Արման Ծատուրյանը:
Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը նշեց, որ համերգաշրջանի բացումը կատարվել է սեպտեմբերին, իսկ դեկտեմբերի մեկին տեղի ունենալիք համերգը ամենանշանակալին է ողջ տարվա ընթացքում. «Ունկնդրին սպասվում են բազմաթիվ անակնկալներ, բայց դրանք հիմա չեմ բացահայտի: Մենք հպարտ ենք եւ ուրախ, որ այսօր աշխարհահռչակ Ռիշար Գալիանոն մեր կողքին է: Ծրագիրը բազմազան է եւ ընգրկում է դասական, ջազ եւ այլ կատարումներ: Մոռացեք դասական համերգի պատկերը, որովհետեւ այս համերգը բազմազան շոու է իրենից ներկայացնում»:
Ռիշար Գալիոանոն ասաց, որ այսօր տեղի կունենա նվագախմբի հետ համատեղ առաջին փորձը. ««Կարեւոր է, որ մենք լսենք ու հասկանանք իրար: Առհասարակ, երաժշտությունը սիրում եմ իր ամբողջականության մեջ` լինի ջազ, թե դասական: Կարծում եմ` երաժշտության մեջ կարեւոր դեր է կատարում այլ երաժիշտների հետ փոխանակվելու կարողությունը: Հետեւաբար, որպես մենակատար, ես ոչինչ չեմ պարտադրում երաժիշտներին եւ լսում եմ նրանց` աշխատելով դիրիժորների հետ: Դա ներդաշնակություն է ապահովում»:
Գալիանոյի խոսքով. «Երաժիշտը պետք է նվագի իր երկրի երաժշտությունը: Դա ինչ որ տեղ նացիոնալիստական մոտեցում է: Ես ծնվել եմ Ֆրանսիայի հարավում, հետեւաբար` ինձ ոգեշնչում է ծովի ռիթմը, այդ պատճառով մոտ եմ կանգնած լատինական երաժշտությանը: Իմ երաժշտության մեջ միշտ ծովի շարժում կա»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ