«Առավոտ» օրաթերթն առողջ ապրելակերպը եւ մասսայական ֆիզկուլտուրան նաեւ լրատվական դաշտի աշխատակիցների առօրյա կյանքի բաղկացուցիչ դարձնելու նպատակով մարզական տարատեսակ միջոցառումներ է կազմակերպում ԶԼՄ-ների միջեւ: Հինգ տարի մեր գործընկերները սպասում ու մասնակցում են, մասնավորապես, սեղանի թենիսի ավանդական բաց առաջնությանը, որն անցկացվում է գարնանը կամ աշնանը:
«Առավոտի» այս նախաձեռնությանը արդեն 5-րդ տարին սիրահոժար, անշահախնդիր աջակցում է ՀԱՕԿ-ի 1-ին փոխնախագահ, «Հայաստան» ՄՄ նախագահ Ռազմիկ Ստեփանյանը՝ «Սպարտակ» մարզական միության սեղանի թենիսի դահլիճը սիրահոժար տրամադրելով լրատվամիջոցների միջեւ մրցապայքարի մասնակիցներին: Հինգ տարի լրատվամիջոցների միջեւ, «Առավոտի» նախաձեռնությամբ, սեղանի թենիսի առաջնության գլխավոր հովանավորը «VivaCell MTS»-ն է, որը տղաների եւ աղջիկների մրցաշարերի մրցանակակիրներին պարգեւատրում է վերջին արտադրության բջջային հեռախոսներով, կամ լրագրողների մասնագիտական պարտականությունը կատարելու համար՝ անհրաժեշտ այլ պարագաներով:
Կարդացեք նաև
Այս ամիս կայացած «Առավոտի»՝ սեղանի թենիսի 5-րդ՝ հոբելյանական, մրցաշարին գլխավոր հովանավորի կարգավիճակով միացավ «Coca-Cola Hellenic Armenia» ընկերությունը, որը հավատարիմ՝ առողջ ապրելակերպը հանրապետությունում մասսայականացնելու իր սկզբունքներին, արժեքավոր նվերներ շնորհեց իրենց լավագույն կողմերով դրսեւորած, բայց մրցանակային տեղ չզբաղեցրած երեքական տղաների եւ աղջիկների: Մրցաշարի վարկանիշը եւ բարձր մակարդակը ապահովում են նաեւ մրցավարությունը կամավոր սպասարկելու ցանկություն դրսեւորող Հայաստանի ազգային հավաքականների գլխավոր մարզիչներ, Եվրոպայի չեմպիոն Ֆելիքս Սարգսյանն ու ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի չեմպիոն Գոհար Խանզրատյանը եւ նրանց՝ հանրապետության չեմպիոն եւ մրցանակակիր սաները:
«Առավոտի» այս մրցաշարն այնքան հիմնավոր տեղ է գրավել լրատվական դաշտում, որ այն արդեն տարածաշրջանային մակարդակի, այնուհետեւ, միջազգային աստիճանի բարձրացնելու առաջարկներ կան հենց մասնակիցների կողմից: Ցանկությունը ողջունելի է: Ֆելիքս Սարգսյանի տեղեկացմամբ. «Սպարտակ» ՄՄ շենքը գործում է 1951 թվականից: Դահլիճը, որտեղ անցկացվում են մարզական, այդ թվում նաեւ՝ «Առավոտի» մրցումները, գրեթե ամեն տարի թարմացվում է իրենց միջոցներով՝ կարգի են բերվում սեղանները, ներկվում է հատակը, փոխվում են լույսերը, գնվում են տեխնիկական միջոցներ»: Իսկ ահա հանդերձարաններին, զուգարաններին, լվացարաններին ձեռք չի կպել: Ֆելիքս Սարգսյանի խոսքերով, պահանջվող միջոցները շատ չեն՝ մոտ $ 2 հազար:
Սպորտը ոչ միայն մարզավիճակը պահպանելու հնարավորություն է, այլեւ լրատվամիջոցների պարագայում ոլորտը պրոպագանդելու խնդիր եւ հնարավորություն:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ