Sony ֆիրման կոմպոզիտոր Արամ Սաթյանի ծննդյան 65-ամյակի առթիվ, որպես նվեր, վերջերս թողարկել է նրա երգերի CD-ն: Աշխարհահռչակ այս ֆիրման Արամ Խաչատրյանից հետո երկրորդ անգամ է անդրադառնում հայ ստեղծագործողի:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ կոմպոզիտորը կեսկատակ-կեսլուրջ ասաց, թե Sony-ն ավելի լավ գիտի իր ստեղծագործական շառավիղը, մանրամասնելով, թե խորհրդային տարիներին հայտ էին ներկայացնում «Սոյուզկոնցերտ», որի միջնորդությամբ էլ կատարվում էին իրենց երկերը ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլեւ արտերկրում: «Իսկ CD-ի թողարկման առիթ է հանդիսացել հայտնի «Phonograph» ամսագրում հոբելյանիս առիթով տպագրված հոդվածը: Եվ, որ ամենակարեւորն է, Sony ֆիրմայի ներկայացուցիչը ինձ հետ հեռախոսազրույցում հիշատակեց իմ սիմֆոնիկ ու կամերային գործերը եւս: Մի բան, որն ինձ զարմացրեց. երեք սիմֆոնիաներիցս միայն մեկն է կատարվել, այն էլ 1972թ.՝ Դավիթ Խանջյանի ղեկավարությամբ, մեր Ֆիլհարմոնիկի մեկնաբանմամբ: Նման անակնկալի չէի սպասում: Նշեմ, որ ստեղծագործություններիս կատարման վերաբերյալ դժգոհություններ չունեմ. դրանք հնչել են թե այստեղ, թե դրսում: Դեկտեմբերի 14-ին դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ Ֆիլհարմոնիկ նվագախումբը կհնչեցնի «Համլետ» սիմֆոնիկ պոեմը: Այս տարի Կանադայում կոմիտասյան թեմայով «Չինար ես» երկը դուդուկի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար մեծ արձագանք ունեցավ, որից հետո անմիջապես պատվեր ստացա դուդուկի, կամերային նվագախմբի եւ հարվածայինների համար ստեղծագործության, որն անվանեցի «1915»: Պրեմիերան նախատեսված էր նոյեմբերի 4-ին, ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում, սակայն վրա հասած բնական աղետի պատճառով հետաձգվեց: Համոզված եմ, որ մոտ ապագայում Ազգային օպերային թատրոնը ձեռնամուխ կլինի ըստ Հոֆմանի «Փոքրիկ Ցախեսը» օպերայի բեմադրական աշխատանքներին…»,- հայտնեց Ա. Սաթյանը: Ի դեպ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում շուրջ 2 ամիս լեփ-լեցուն դահլիճում ընթացող Շիրվանզադեի «Մորգանի խնամին» մյուզիքլի երաժշտությունը եւս Սաթյանինն է:
Փորձառու կոմպոզիտորից հետաքրքրվեցինք՝ ինչ «արժեն» իր ստեղծագործությունները Արեւմուտքում եւ հայրենիքում: Մեր զրուցակիցը նշելով, որ ինքն առանձնապես գների գիտակ չէ, այդուհանդերձ, հակիրճ ասաց. «Ես սակարկելու սկզբունք չունեմ, սակայն վերեւից էլ չեմ իջել ու, ամեն դեպքում, աշխատում եմ պահել գումարային սեփական սանդղակը: Խորհրդային տարիներին կոմպոզիտորներիս «դրսի» հետ կապողը «Սոյուզկոնցերտն» էր: Այն ժամանակ թեեւ վալյուտա էինք ստանում չեկի տեսքով, բայց կարող էինք չիմանալ, թե որ երկրում է կատարվել այս կամ այն գործը»: Նա հիշեց՝ դեռեւս 1979թ. Մոսկվայի Միությունների տան Սյունազարդ դահլիճում Ալլա Պուգաչովայի կատարմամբ «Առլեկինո» երգը այնքան ծափերի չի արժանացել, ինչքան իր «Խոհերը»՝ Զառա Տոնիկյանի մատուցմամբ: Մեր զրուցակցի խոսքերով՝ «հենց այդ ժամանակվանից էլ Պուգաչովան չսիրեց Զառային…»:
Կարդացեք նաև
Հարցին՝ մեզանում կոմպոզիտորական արվեստի քարոզչության մեջ ի՞նչը կփոխեր, պարոն Սաթյանը պատասխանեց. «Կուզեի, որ շոու-բիզնեսով զբաղվեին պրոֆեսիոնալները՝ պրոդյուսերական եւ մենեջերական կենտրոնները: Հենց վերջիններս են ուսումնասիրում շուկան, ինչի արդյունքից էլ բխում է կոմպոզիտորական արվեստի այս կամ այն ժանրի պահանջված լինելը կամ հակառակը»:
Հետաքրքրությանը, թե 65-ամյակի առիթով Sony-ի շնորհավորանքից հետո այստեղ որեւէ միջոցառում նախատեսվո՞ւմ է, կոմպոզիտորն ասաց, թե անցյալ տարի մշակույթի նախարարությունը ֆինանսավորեց ու կազմակերպեց իր հեղինակային երեկոն, ինչն էլ նվեր էր հոբելյանին:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ