Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Զոհերը կպաշտպանվեն՝ անկախ սեռից

Նոյեմբեր 29,2012 14:15

«Ընտանեկան բռնության մասին» օրինագծի օրենք դառնալը կանխարգելիչ կլինի ընտանիքներում կատարվող բռնությունների ու հանցագործությունների համար:

Մինչ ՀՀ կառավարությունը հավանություն կտա ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ մոտ ապագայում կառավարություն ներկայացվելիք «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծին, «Կանանց իրավունքների կենտրոն»-ի աշխատակիցները պնդում են, որ նախագծի օրենք դառնալը կվերացնի ընտանեկան բռնարարների շրջանում անպատժելիության զգացումը:

Օրենքի նախագիծը դեռ 2009 թվականին մշակվել է «Կանանց իրավունքների կենտրոն»-ի կողմից եւ ներկայացվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն:

Եթե ՀՀ կառավարությունը հավանության արժանացնի օրենքի նախագիծը, ապա այն կդրվի ԱԺ օրակարգ:

«Կանանց իրավունքների կենտրոն»-ից «Առավոտին» հայտնեցին, որ «Ընտանեկան բռնության մասին» օրինագիծը կարգավորում է ընտանեկան բռնության հետ կապված հարաբերությունները եւ պաշտպանություն է նախատեսում այն անձանց համար, ովքեր կլինեն ընտանեկան բռնության զոհեր՝ անկախ սեռից.

«Սա գենդերային չեզոք օրինագիծ է եւ պաշտպանություն է սահմանում թե տղամարդկանց, թե կանանց համար, ովքեր կենթարկվեն ընտանեկան բռնության»:

Թեեւ ՀՀ քաղաքացիները օրենսդրությամբ են պաշտպանված իրենց դեմ ուղղված հանցագործություններից, այնուամենայնիվ, ի լրումն վերոնշյալի, Լոռու մարզի կանանց իրավունքների կենտրոնի համակարգող Սիրան Քոչինյանի համոզմամբ, մասնավորապես ընտանիքում տեղի ունեցող բռնությունները կարգավորող օրենք է անհրաժեշտ:

«Չկա օրենք, որ վերաբերի զուտ ընտանեկան բռնությանը: Հասարակությունն ու օրինապահ մարմիններն էլ, այն համարելով ներքին խնդիր, չեն միջամտում այնքան, մինչեւ բռնությունը վերածվում է հանցագործության, երբ արդեն պատճառված են մեծ վնասներ. մարդը կամ մահացել է, կամ դարձել է հաշմանդամ»,- ասում է նա:

Սիրան Քոչինյանը մեզ հետ զրույցում հավելում է, որ այս օրենքը միտում ունի վերացնելու ընտանեկան բռնարարների մոտ գոյություն ունեցող անպատժելիության զգացումը, կասեցնելու ընտանիքում ծագած հնարավոր բախումները, խտրական վերաբերմունքը ընտանիքի անդամի ու հասարակության մյուս անդամների հանդեպ, կանխարգելելու ընտանիքում կատարվող բռնություններն ու հանցագործությունները:

«Օրենքը պետք է հավասար վերաբերվի նույն հանցագործությանը, պետք է վերանա այն մտածելակերպը, որ եթե ընտանիքի անդամներից որեւէ մեկն է մյուսին ծեծում, ուրեմն դա նորմալ է ու անպատիժ, այն դեպքում, երբ բոլորս էլ ընդունում ենք, որ եթե, օրինակ, հարեւանի տղան ծեծում է այլ մարդու, ապա դրա համար անպայման պատիժ է կիրառվում: Սակայն ինչ տարբերություն, մարդը մարդ է, մարդու հանդեպ է կիրառվել բռնություն՝ անկախ նրանից, թե դա որտեղ է տեղի ունեցել՝ դրսում, թե ընտանիքում: Եթե օրենքը ընդունվի, մարդիկ էլ կզգաստանան եւ կհասկանան դա»:

Գործունեության 3 տարիների ընթացքում Լոռու մարզի կանանց իրավունքների կենտրոն է դիմել 174 կին, որոնց 65 տոկոսը ենթարկվել է հոգեբանական բռնության, 32 տոկոսը՝ ֆիզիկական, 3 տոկոսն էլ՝ սեռական բռնության ենթարկված կանայք են:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Հ.Գ. Բռնության ենթարկված բոլոր անձինք կարող են կապ հաստատել Վանաձորում գործող «թեժ գծին»՝ զանգահարելով 0322 2 50 88 հեռախոսահամարով:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930