Երևանի Արաբկիր վարչական շրջանի բնակչուհի Լուսինե Ղազարյանի սպանության օրը ոստիկանների գործողություններում արձանագրված բացթողումների ու թերությունների առնչությամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երեք ոստիկաններ ենթարկվել են խիստ նկատողության:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից, ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ մասի հերթապահի օգնականը, հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչը և ոստիկանության Երևանի վարչության շտաբի հերթապահ մասի կրտսեր տեսուչ-օպերատորը առաջիկայում կտեղափոխվեն այլ ծառայություններ (ոստիկանությունը չի հրապարակում նրանց անուն-ազգանունները):
Քաղաքացի Լուսինե Ղազարյանի սպանության օրը ոստիկանների գործողությունների առնչությամբ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել է ոստիկանությանը քննարկել ծառայողական պարտականությունները անբարեխիղճ կատարած ոստիկաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Նոյեմբերի 9-ին ՀՀ ՀՔԾ-ն կարճել էր ոստիկանության Երևանի Արաբկիրի բաժնի օպերատիվ հերթապահների օգնականների և օպերատիվ խմբի ոստիկանների կողմից պաշտոնեական անփութություն դրսևորելու վերաբերյալ քրեական գործը՝ ոստիկանների գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով: Սակայն ՀՔԾ-ն գտել էր, որ որոշ ոստիկաններ թերացել են իրենց պարտականությունները կատարելու մեջ, չեն գործել ոստիկանությունում գործող հրամաններին ու հրահանգներին համապատասխան և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի կարգով միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ոստիկանության պետին՝ արձանագրված խախտումների կապակցությամբ։
Կարդացեք նաև
ՀՔԾ եզրահանգմամբ, ոստիկանության Երևանի վարչության և Արաբկիրի բաժնի օպերատիվ հերթապահ մասերում խախտվել ու պատշաճ չեն կատարվել ՀՀ ՆԳ նախարարի դեռևս 1994 և 1999 թթ. հրամանների ու հրահանգների պահանջները: Ոստիկանները թերացել են նաև «Հերթապահ մասերի աշխատակիցների վերաբերյալ» կանոնակարգերի պահանջների կատարման հարցում: Մասնավորապես, պարզվել է, որ հերթապահների օգնականները պատշաճ կերպով չեն ճշտել քաղաքացիների կողմից հնչեցրած ահազանգերի բովանդակությունը, նրանց անձնական տվյալներն ու պահանջվող այլ մանրամասներ: Ավելին՝ դրանք անմիջապես ու սահմանված կարգով չեն գրանցվել հերթապահ մասերի մատյաններում՝ ոստիկանության Երևանի վարչության հերթապահ մասի հերթապահի օգնական Գարեգին Սարգսյանը միայն չորրորդ անգամ է ճշտել ահազանգող քաղաքացու տվյալները: Նշվում է, որ հեռախոսազանգերը ոստիկանությունում ձայնագրառվում են, իսկ ներքին հեռախոսահամարներով խոսակցությունները՝ ոչ, մինչդեռ ձայնագրառման իրականացումը կարող էր նպաստել իսկությունը պարզելուն:
Ըստ ՀՔԾ-ի, արհեստավարժ չեն գործել նաև դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի անդամները՝ Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Ռուբեն Եպիսկոպոսյանը խիստ թերի է իրականացրել դեպքի վայրի զննումը, բաժնի պետին ուղղված զեկուցագրում նշել է՝ հայտնաբերվել է դիակ՝ առանց բռնության հետքերի, թեև զննման արձանագրության մեջ իր իսկ ձեռքով նշել է բազմաթիվ վնասվածքների մասին:
Հիշեցնենք, որ օգոստոսի լույս 12-ի գիշերը Կոմիտասի պողոտայի թիվ 30 շենքի 6-րդ բնակարանում հայտնաբերել էր 1967 թ. ծնված Լուսինե Ղազարյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չէին հայտնաբերվել, սակայն օգոստոսի 13-ին ստացված դատաբժշկի եզրակացությունն արձանագրել էր, որ Լ. Ղազարյանի մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը: Նույն օրը ոստիկանության Արաբկիրի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Իսկ ոստիկանությունում անցկացված ծառայողական քննության նյութերն ուղարկվել էին ՀՀ ՀՔԾ: