Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ասֆալտապատումը ոմանց համար ուրախություն է, ոմանց համար՝ գլխացավանք

Նոյեմբեր 29,2012 14:09

Բարեխղճորեն հարկեր ու տուրքեր վճարող Մկրտիչ Սարգսյանի բիզնեսը մի վեց ամիս էլ կտուժի ասֆալտապատող ընկերության անբարեխիղճ աշխատանքի պատճառով:

Այս տարվա մայիսին Երեւան քաղաքի Պարոնյան փողոցն ասֆալտապատվել է: Նոր, հարթ ասֆլատը մի շարք անհարմարություններից ազատել է երեւանցիներին, սակայն Չկալով փողոցի թիվ 73 տան բնակիչ Մկրտիչ Սարգսյանի համար մի շարք գլխացավանքներ է առաջացրել: Քաղաքացու տան մուտքը Պարոնյան փողոցի կողմից է, եւ ասֆալտապատող ընկերության ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետեւանքով Մկրտիչ Սարգսյանի տան առաջ ասֆալտապատումից հետո մշտապես ջրափոսեր են գոյանում: Վիճակն անելանելի է դառնում հատկապես անձրեւների ժամանակ: «Առավոտ» օրաթերթի խմբագրություն դիմած քաղաքացին պնդում է, որ ասֆալտապատման աշխատանքները կատարվել են շեղումներով. ասֆալտն ավելի ցածր է արվել, քան ջրահեռացման «լյուկը», որը քաղաքացու տնից ընդամենը մի քանի մետր այն կողմ է գտնվում:

«Ոչ բարեխիղճ աշխատանքի պատճառով տանս ու խանութիս առջեւ անձրեւից հետո մեծ ջրափոս է գոյանում: Անհնար է դառնում տուն մտնել կամ դուրս գալ»,- ասում է քաղաքացին՝ մատնացույց անելով Չկալով փողոցի այն նեղ հատվածը, որտեղից անձրեւաջուրը թափվում է Պարոնյան փողոց, մասնավորապես՝ Մ. Սարգսյանի տան ու խանութի դիմաց:

Քաղաքացու բողոքներից հետո Պարոնյան փողոցի այդ հատված են այցելել քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի տեղակալ Ֆելիքս Յայլոյանը եւ ասֆալտապատող ընկերության աշխատակիցներից մեկը: Թելով չափել են փողոցի տվյալ հատվածը եւ պարզել, որ այն 3 սմ-ով ցածր է սահմանված նորմայից: Մ. Սարգսյանի խոսքերով՝ ասֆալտապատող ընկերության ներկայացուցիչը քաղաքապետարանի աշխատակցից փող է պահանջել, որպեսզի նշված թերությունը վերացնի, սակայն Ֆ. Յայլոյանը հորդորել է քաղաքացու հետ հարցերը պարզել. «Ասաց՝ էս քեզ ասֆալտապատողը, էս էլ դու. իրար մեջ պարզեք էս խնդիրը»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Մ. Սարգսյանը:

Խանութի համար պետությանը պարտաճանաչորեն հարկեր ու տուրքեր վճարող քաղաքացին անձրեւային օրերին չի կարողանում առեւտուր անել. ջրափոսը թույլ չի տալիս, որ որեւէ մեկը մոտենա խանութին:

Տեսնելով, որ հարցը չի լուծվում, Մ. Սարգսյանը երեք ամիս առաջ կրկին դիմել է քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչություն, նամակ է գրել Երեւանի քաղաքապետին, սակայն նրա նամակներն այդպես էլ անպատասխան են մնացել:

Ո՞վ պետք է շտկի սխալ ասֆալտապատման հետեւանքները՝ «Առավոտի» հարցին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել էին, որ շինարարության եւ բարեկարգման վարչությունը հանձնարարել է շինարարական կազմակերպությանը վերացնել ասֆալտապատման աշխատանքներում տեղ գտած թերությունները:

Քաղաքապետարանից նաեւ հայտնել էին, որ եղանակային պայմաններից ելնելով՝ վերանորոգման աշխատանքները կիրականացվեն 2013թ. գարնանը՝ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում:

Այսինքն՝ քաղաքացին ստիպված է ֆինանսական վնասներ կրել եւս 5-6 ամիս, մինչդեռ նկատենք, որ այս ամիսների ընթացքում բավականին չոր եւ բարենպաստ եղանակներ էին, եւ եթե սովորական մարդու խնդիրը փոքր-ինչ կարեւորվեր, ապա հարցը վաղուց լուծված կլիներ:

ԱՇՈՏ ԱԹԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930