Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը մարդու իրավունքներ է քարոզում, բայց ինքն էլ է ոտնահարում

Նոյեմբեր 29,2012 14:08

Տիկին Մաման գտնում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ոտնահարել է իր իրավունքները, ուստի պատրաստվում է դատի տալ

Ամերիկայի Միացյալ Նահանգները, որն ամենուր, այդ թվում նաեւ՝ Հայաստանում, ժողովրդավարություն եւ մարդու իրավունքների պաշտպանություն է քարոզում, թելադրում, բայց հենց այս թելադրող երկիրն էլ Հայաստանի նման երկրում շատ հանգիստ ոտնահարում է մարդու իրավունքները, իհարկե՝ ոչ ԱՄՆ քաղաքացու: Ընդ որում, ամերիկացիները մարդու իրավունքները ոտնահարում են, ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց դեսպանատնից «քաշված» տիկին Մաման՝ շատ քաղաքավարի:

Այս տարվա օգոստոս ամսին Իրանի քաղաքացի, ազգությամբ հայ Մամա Ռոստամլոուն գտնվելով Հայաստանում՝ որոշել էր այցելել նաեւ ԱՄՆ-ում բնակվող իր բարեկամներին եւ դիմել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն ոչ ներգաղթային արտոնագիր ստանալու համար: Դեսպանատունն էլ առցանց՝ իր կայքէջի միջոցով տիկնոջ հետ պայմանագիր է կնքել եւ օգոստոսի 31-ին հրավիրել հարցազրույցի, բայց մինչ այդ հորդորել է 160 դոլար վճարել «Հայէկոնոմբանկում» ու վճարման կտրոնով ներկայանալ: Հարցազրույցի օրը Մամա Ռոստամլոուն ներկայացել է դեսպանատուն, սակայն մուտքից ներս չեն թողել՝ պատճառաբանելով, որ Իրանի քաղաքացիները ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու համար պետք է դիմեն կամ Թուրքիայի, կամ Արաբական Էմիրությունների ԱՄՆ դեսպանատուն: Տիկնոջ հարցերին, թե ինչո՞ւ այդ մասին դեսպանատունը նախապես՝ մինչ 160 դոլար վճարելը չի տեղեկացրել, դեսպանատան աշխատակիցները բավարարվել են ընդամենն ասելով՝ էդպես ա ձեւը:

«Դե, եթե այսպես են աշխատում, մարդկանց խաբում, գումար են պոկում ու դեսպանատուն ներս էլ չեն թողնում, էլ ի՞նչ ժողովրդավար կամ մարդու իրավունքներ հարգող պետություն է: Մի քանի հազար մարդկանցից սենց գումար որ գանձվի, հենա մի հատ ռումբի փող ա, էլի, հետո կամ Իրանի, կամ Սիրիայի, կամ էլ այլ երկրի վրա կգցեն: Գոնե որեւէ իրավական պատասխան տային, բայց չէ՝ միայն արհամարհական պատասխաններ»,- դժգոհել է Մամա Ռոստամլոուն:

Տիկնոջ վճարած 160 դոլարն էլ վերադարձնելու կարծես թե շանս էլ չկա. գումարի վերադարձման պահանջով, եւ թե ինչո՞ւ են քաղաքացիներին մոլորեցնում՝ հարցերով փորձել է զբաղվել «Քաղաքացու իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպությունը, որն էլ գրավոր հարցում է ուղարկել ԱՄՆ դեսպանատուն՝ դեսպան Ջոն Հեֆերնին: Դեսպանն, իհարկե, անձամբ չի պատասխանել, սակայն փոխարենը՝ հյուպատոս Ջորջ Լինն իր պատասխանում հստակ նշել է՝ ովքեր կարող են դիմել ԱՄՆ-ում ոչ ներգաղթային արտոնագիր ստանալու համար: Իսկ ինչ վերաբերում է Մամա Ռոստամլոուի բուն դժգոհությանը, թե ինչո՞ւ մինչ վճարումը չեն ներկայացրել՝ իրավունք ունի՞ տվյալ անձը դիմելու, թե՞ ոչ, հյուպատոսը պատասխանել է. «Եթե անգամ մեր առցանց հարցազրույցների օրացույցում ուղղակիորեն նշանակել ենք հարցազրույց, այն չեղյալ կհամարվի առանց որեւէ բացատրության»:

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» հ/կ-ն մեկ այլ նամակ էլ է ուղարկել դեսպանատուն, որից հետո դեսպանատունը պատճառաբանել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանության կայքէջը փոփոխման է ենթարկվում, եւ որոշ ժամանակ անց հնարավոր կլինի ծանոթանալ Իրանի քաղաքացիների դիմելու նոր կարգին:

Հ/կ-ի նախագահի խոսքերով՝ «Տիկին Մաման որտեղի՞ց պիտի իմանար, որ կայքէջը փոփոխվում է, եւ հնարավոր է իրանցիների համար նոր կարգ սահմանվի: Նրանք նաեւ նշել են, որ բանկի ստացականը 1 տարի ուժի մեջ է, եւ տիկինը կարող է Թուրքիայի կամ Դուբայի ԱՄՆ դեսպանատուն դիմել: Սակայն նման վերաբերմունքից հետո տիկին Մաման է՛լ չի էլ ցանկանում ճամփորդել ԱՄՆ-ում, ուստի իր գումարն է ետ պահանջում: Իսկ քանի որ գործարքը կնքվել է Հայաստանում, պետք է առաջնորդվել ՀՀ օրենքներով: Այսինքն՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով պարտավորությունից միակողմանի հրաժարվել չի թույլատրվում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Իսկ ԱՄՆ դեսպանատունը հրաժարվել է կատարել պայմանագիրը՝ հարցազրույց անցկացնել: Սրա հիման վրա էլ կարելի է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը դատի տալ, եթե մինչ այդ դեսպանատունը չորոշի 160 դոլարը վերադարձնել: Մենք ԱՄՆ-ի դեսպանատանը գրավոր դիմել ենք եւ առաջարկել որպես գործարքի պարտավորությունից առաջացած վնասի փոխհատուցում վճարել 160 դոլար, հակառակ դեպքում՝ դատարան կդիմենք, բայց ոչ մի պատասխան չենք ստացել: Կամ ուղղակի թքած ունեն, կամ էլ վստահ են, որ հայաստանյան դատարանները ռիսկ չեն անի ԱՄՆ-ի նման հզոր երկրի դեմ վճիռ կայացնել»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930