Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գինեգործ. մեր գործերը կվատանան՝ Ադրբեջանն ակտիվանում է ռուսական շուկայում

Նոյեմբեր 29,2012 13:47

Հայաստանի գինեգործների միության նախագահ, «Մարան» ընկերության հիմնադիր տնօրեն Ավագ Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց, թե զարգացումները տանում են նրան, որ վրացական գինին շուտով ռուսական շուկա կմտնի, ու մեր գործերը կվատանան. «Մեր գործերը կվատանան նաեւ այն առումով, որ Ադրբեջանն է ակտիվ՝ ռուսական շուկայում: Այժմ Ադրբեջանում լուրջ ներդրումներ են արվում, որակական փոփոխություններ:  Ինչ վերաբերում է ռուսական էմբարգոյին, այն  խիստ դրական ազդեց Վրաստանի գինեգործության վրա:  Թվում էր՝ իրենք կկործանվեն, սակայն կործանվեց միայն այն մասը, որը նախատեսված էր զուտ ռուսական շուկայի համար եւ կեղծվում էր: Վրացիներն իրենց հայացքը ուղղեցին դեպի Եվրոպա եւ փորձեցին տեղավորվել եվրոպական արժեհամակարգում ու ստանդարտների մեջ: Դա բերեց նրան,  որ Վրաստանում գինու որակը խիստ բարձրացավ, վրացիները «բյուրեղացան»՝ ստեղծելով կուռ եւ ամուր ինդուստրիա»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք Ադրբեջանն էլ էր ներկայացված նոյեմբերի 20-22-ը Մոսկվայում կայացած գինիների միջազգային մրցույթին, որը  կազմակերպել էր Գինու միջազգային կազմակերպությունը (Փարիզ): Հիշեցնենք, որ մրցույթին 100-ավոր գինիներից  «Մարան Բագրատունի 2010թ.»-ն էր  արժանացել  ոսկե մեդալի՝ ներկայացուցչական ժյուրիի որոշմամբ:

«Ադրբեջանական գինին այն որակը  չունի, որ մեզ մրցակից լինի, բայց ռուսական շուկայում էական է ոչ թե որակը, այլ գինին ներկայացնելը, իսկ Ադրբեջանը փող չի խնայում իմիջ ձեւավորելու, հարեւաններին վիրավորելու կամ գինու եւ խաղողի պատմությունը խեղաթյուրելու համար: 100-ավոր սորտեր ունենք, որ վերագրվել են իրենց; Ադրբեջանի գինեգործության պատմությունը Հայաստանի գինեգործության պատմությունն է: Ընդհուպ մինչեւ 1988թ, Ադրբեջանի բոլոր գինեգործական, խաղողագործական տնտեսությունները հայկական ծագում ունեին, իսկ խաղողի գինեբեր սորտերը զուտ հայկական էին կամ հայ  գյուղացու ստեղծած սելեկցիոն սորտերը»:

Դառնալով հեղինակավոր ցուցահանդեսին Հայաստանի հաղթանակին, պարոն Հարությունյանը հավելեց, որ «Մարան Բագրատունի-2010»-ը գրավել է ժյուրիին  ոչ միայն որակով, այլեւ համուհոտով. «Մենք դա ստացել էինք հայկական «Խաթունխարջիի» եւ  ֆրանսիական «Ալիգոտեի» խառնումից: Ժյուրին ճանաչել էր ֆրանսիական տեսակը, ու զարմացել, որ Հայաստանում «Ալիգոտեն» ձեռք է բերում ուրիշ որակներ: Եվ եթե ֆրանսիական կամ գերմանական ալիգոտեների մեջ գերիշխում են դաշտային, ալպիական ծաղիկները, ապա մեր «Ալիգոտեի» մեջ դարձյալ ակտիվ են ծաղիկները, բայց դրան գումարվում է մեղրի, հասած սեխի եւ անանասի հոտը»:

Վրաստանը, լինելով  Խաղողի եւ գինու միջազգային կազմակերպության անդամ, մրցույթին չի մասնակցել՝ հավանաբար Ռուսաստան  նմուշներ ուղարկելու խնդիր ունենալով:

Ավագ Հարությունյանը փաստում է. «Հայաստանը տրադիցիոն կարմիր գինու հայրենիք է, մենք միշտ կաղացել ենք սպիտակ գինով, որովհետեւ մեր սպիտակ խաղողի 99 տոկոսը գնացել է կոնյակի արտադրություն, հումքային բազան եւ տեխնոլոգիաները երբեք թույլ չեն տվել՝ նորմալ սպիտակ գինի ստանանք: Մեկ էլ հանկարծ Հայաստանը մրցույթում ներկայացնում է սպիտակ գինի ու այն շահում է Ոսկե մեդալ: Ես հպարտ եմ Հայաստանի համար»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930