Փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանի համոզմամբ՝ Մարտի 1-ի գործով չբացահայտված բան քիչ կա
– Տիկին Սաֆարյան, Հայ ազգային կոնգրեսն առաջարկում է 2008թ. Մարտի 1-2-ի իրադարձությունների արդյունքում 10 անձանց սպանության եւ վիրավորների դեպքերով իրավապահ մարմինների գործողությունների օրինականության հարցը դարձնել ԱԺ նոր ժամանակավոր հանձնաժողովի քննարկման առարկա: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ հիմնավորելով առաջարկությունը՝ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ Մարտի 1-2-ի դեպքերից անցել է մոտ 4.5 տարի, սակայն թե՛ սպանությունների, թե՛ քաղաքացիներին, զինծառայողներին ու ոստիկաններին հասցված հարյուրավոր մարմնական վնասվածքների դեպքերի բացարձակ մեծամասնությունը մինչեւ այսօր բացահայտված չեն, ու հարյուրավոր հանցագործներ մնացել են անպատիժ: Իսկ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը կարեւորեց հասարակության վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ, որը նրա խոսքով՝ խարխլված է Մարտի 1-ի դեպքերից հետո, եւ որպես լավագույն քայլ՝ մատնանշեց հանձնաժողովի ստեղծումը: Արդյոք ԱԺ-ն կարո՞ղ է ժողովրդի մոտ Մարտի 1-ի բացահայտման գործընթացին վստահության նոր լիցք հաղորդել։
– Անգամ այն ժամանակ, երբ Փաստահավաք խումբը ստեղծվեց, մտավախություն ունեի, որ Փաստահավաք խմբի փաստերը հավուր պատշաճի չեն կարող արդյունք ապահովել՝ այն առումով, որ այլ բան է փաստն արձանագրելը, այլ բան է արձանագրված փաստի առնչությամբ ապացույցներ ստեղծելը եւ մեղավորներին պատժելը։ Եթե հանձնաժողով ստեղծելու նպատակը բացառապես քաղաքական հայտարարություններով հանդես գալն է, ապա հենց մարտի 2-ին, 3-ին կարելի էր քաղաքական հայտարարություններ անել եւ հիմնավորված համարել այն փաստը, որ մեր պետական այրերը կարողացան ստեղծել մի մեծամասշտաբ բախման ռիսկ, ինչը հիմք հանդիսացավ տասը զոհեր եւ վիրավորներ ունենալու։
Կարդացեք նաև
Այս տեսանկյունից հանձնաժողովի ստեղծումը գտնում եմ, որ այս պահի դրությամբ ոչինչ չի կարող ապահովել, առավել եւս, երբ մենք գիտենք, թե ԱԺ 131 պատգամավորները ինչպես են աշխատում: Չեմ կարծում, որ յոթ-ութ պատգամավորներ կարողանան այն գիծը տանել, որով ուզում են ապահովել հասարակության վստահությունը։ Հասարակությունն այսօր շատ ավելին գիտի, հասարակության աչքի առաջ տեղի ունեցած դեպքերը այսօր անգամ պատմության գրքերում ոչ ճիշտ արձագանք են գտնում, թեեւ ինքս կողմնակից չեմ Մարտի 1-ի էջը փակելուն՝ հոգեբանական ճգնաժամերի պատճառով, որովհետեւ այսօր դա էլ մեզ չի փրկի։
Մի բան պետք է արվի, բայց դա չի կարող հանձնաժողովի ստեղծումը լինել։ Ավելի ճիշտ կլիներ, եթե ԱԺ-ն իր լծակները օգտագործեր՝ համապատասխան վարույթ իրականացնող մարմիններին պարտադրելու, որպեսզի Մարտի 1-ի գործով քրեաիրավական գնահատականներ տրվեին, մեղավորներին պատժելու հարց բարձրացվեր, որովհետեւ ԱԺ-ն ամեն դեպքում օժտված չէ դատավարական գործառույթներով եւ չի կարող ապացուցում իրականացնել, իսկ դա միշտ կդառնա հարցերի հարցը՝ անգամ փաստեր արձանագրելու պարագայում։
– Ի՞նչ կա չբացահայտված Մարտի 1-ին հանցագործություններ իրականացրած անձանց պատասխանատվության ենթարկելու առումով, տիկին Սաֆարյան: Փաստահավաք խմբի զեկույցները բավարար չէի՞ն՝ հասնելու ցանկալի բացահայտումներին եւ մեղավորներին պատժելուն։ Ի՞նչ նոր բան կարող է բացահայտվել:
– Մարտի 1-ի գործով չբացահայտված բան քիչ կա, չնայած երբեք չես կարող պնդել, որ ամեն ինչ գիտես, ամեն ինչ բացահայտված է, մութ անկյուններ կմնան, բայց, ըստ էության, ընդհանուր գծերով ամեն ինչ բացահայտված է։ Կա «օպերատիվ միջոցառումների պլան» հասկացություն, որը հիմք է հանդիսացել այդ նախաձեռնության մեկնարկի համար, կա բանակցությունների փուլ, կան բանակցությունների դեմ կանգնող անձինք, կա պետության միջամտություն, կան կրակոցներ, կան «Չերյոմուխա 7»-ով կրակող անձանց ինքնության պարզման հանգամանքները։ Այսինքն՝ բան չկա, որ չիմանան։ Գուցե այս կամ այն մարդու մահվան հանգամանքները նախաքննական մարմինը չի կարողացել պարզել, բայց մենք գլոբալ առումով ունենք ընդհանուր գծերով այն բոլոր հարցերի պատասխանները, ինչը մեզ մտահոգում է։
Այսինքն՝ ամեն ինչ գիտենք, միայն կամք է անհրաժեշտ՝ գնահատական տալու, կամք է պետք՝ տրամադրվելու, որ գործը քննվի օբյեկտիվ, իրավական ճիշտ որակումներ տրվեն, ոչ թե մանր-մունր ստորադաս անձանց այնպիսի հոդվածներ առաջադրեն, որ կողմնակի դիտորդի ծիծաղը գա։ Ես գտնում եմ, որ գլոբալ գնահատական պետք է տրվի, որովհետեւ դա մեծամասշտաբ եւ մեկ միասնական կենտրոնից ղեկավարված եւ մեկ միասնական պլանով գործընթաց է եղել։ Անգամ դատական ճառ ասելու ժամանակ ես դատավորներին ասել եմ եւ կարող եմ կրկնել՝ ինձ թվում է անգամ, որ փետրվարի 28-ին միջոցառումը գծելիս դատավորներն էլ են այնտեղ եղել, իսկ Մարտի 1-ի ողբերգության վերջակետ դնողները դատավորներն էին, որովհետեւ եթե նրանք իրավունքի շահը պաշտպանեին, այսպիսի իրավիճակ չէր լինի։
– Նախագահական ընտրություններից երկուսուկես-երեք ամիս առաջ ՀԱԿ-ի կողմից նման առաջարկը շրջանառության մեջ դնելը, Ձեր կարծիքով, քաղաքական բաղադրիչ պարունակո՞ւմ է: Վերջին մի քանի ամիսներին ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին է անընդմեջ խոսվում, փորձագետները նկատում են, որ ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանի թիկնազորի մասնակցության վերաբերյալ ընդդիմության ներկայացրած երբեմնի փաստերը կարծես հետին պլան են մղվել։ Դուք այս առումով նոր հանգամանքների ի հայտ գալը բացառո՞ւմ եք կամ հին մեղադրանքները մեղմացնելու հնարավորություն տեսնո՞ւմ եք։
– Ես քաղաքական գործիչ չեմ, ես իրավաբան եմ, եւ քաղաքական խաղերը ինձ ուղղակի հոգնեցրել են։ Ես ժողովրդի շահ եմ ցանկանում ներկայացնել: Չեմ կարող ասել, թե ՀԱԿ-ը ինչ նպատակներ է հետապնդում, բայց այն, որ ընդդիմադիրի կեցվածք չունի՝ կարող եմ հաստատապես ասել, որովհետեւ, այո, նաեւ որոշակի հարցերի կապակցությամբ ես այսօր պասիվություն եմ նկատում, հետ քաշվելու միտում եմ տեսնում։ Մինչդեռ իրենք են տրամադրել որոշ ապացույցներ, իրենք են սրությամբ ներկայացրել այդ փաստերը մամուլում եւ հանրության առջեւ՝ իրենց հրավիրած հանրահավաքներում, եւ մեր առջեւ են հարցը խիստ դրել, բայց այդ նույն խստությունը ես գրեթե մեկ տարի է, եթե ոչ ավելի, չեմ նկատում նրանց գործելաոճում, վերջին մեկ տարվա ընթացքում ես չեմ տեսնում, որ այն հարցերը, հարցապնդումները, որոնք իրենք Մարտի 1-ից հետո Փաստահավաք խմբին ներկայացրել են, Փաստահավաք խմբի հետ աշխատել են, որպեսզի վեր հանեն անհայտը, ես չեմ տեսնում, որ իրենք դրսեւորում են նման կամք: Չեմ կարող ասել, թե ՀԱԿ-ի առաջարկը՝ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, ինչ նպատակ է հետապնդում։ Անգամ եթե ցանկանան ինչ-որ բան բացառել, պետք է հիմնավորված բացառեն, նաեւ պետք է պատասխանեն, թե ինչու էին նախկինում այդպես հիմնավորված պնդում՝ հենց այսօր իրենց բացառման թեմայի հետ կապված, երկու տարի առաջ ինչո՞ւ էին այլ պնդումներ անում… Այսինքն՝ այդքան հեշտ չի լինի քաղաքական ուժի համար տեսակետ փոխելը:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ