Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կսատարի՞ ՍԴՀԿ-ն Սերժ Սարգսյանին

Նոյեմբեր 29,2012 13:58

«Հնչակյան» թնջուկը չի հանգուցալուծվում

Դեռ օգոստոս ամսին «Առավոտին» տված հարցազրույցում ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանն ասել էր, որ հոկտեմբերին տեղի է ունենալու ՍԴՀԿ-ի հիմնադրման 125-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ, ու խոստացել էր, որ «անակնկալներ են լինելու»: Նիստը կայացավ նոյեմբերի 3-ին, եւ դրա հանդիսավորության միակ ցուցանիշը վարչապետի ներկայությունն էր: Իսկ անակնկալ, ամեն դեպքում, եղավ: Սեդրակ Աճեմյանը հանդիսավոր նիստի ժամանակ ունեցած իր ելույթում բացատրել էր, որ չի ուզում հայտարարել նախագահ Սերժ Սարգսյանի սատարման մասին, քանի դեռ նախագահ Սարգսյանը պաշտոնապես չի առաջադրվել: Բայց իր գոհունակությունը հայտնեց նախագահի եւ վարչապետի կողմից վարվող քաղաքականությունից եւ դրանց արդյունքներից: Այնուհետեւ Աճեմյանին ընդունեցին եւ վարչապետը, եւ նախագահը: Որ Աճեմյանն իր ուղղվածությունը փոխել էր՝ անակնկալ չէր, բայց Աճեմյանի սույն հանդիպումներն ու հայտարարությունները կարող են անակնկալ մատուցել հենց իրեն: Մամուլում հրապարակումներ եղան, որ Աճեմյանի այս գործունեությունը բավական վատ է ընդունվել համահնչակյան կառույցում՝ ՍԴՀ ԿՎ անդամների, սփյուռքի ընկերների կողմից: Մասնավորապես, մատնանշվեց, որ Կիպրոսը ներկայացնող Հակոբ Տիգրանյանը, ԱՄՆ-ից՝ Համբիկ Սարաֆյանը եւ Գրիգոր Խոտանյանը, ով ՍԴՀԿ ատենադպիրն է ներկուսակցական քննարկումների ժամանակ, իրենց դժգոհությունն են արտահայտել Սեդրակ Աճեմյանի գործունեությունից եւ նույնիսկ առաջարկել են նրան զրկել ատենապետի պաշտոնից:

Խոսվում է, որ հակասություններ են առաջացել նաեւ Հայաստանը կենտրոնական վարչությունում ներկայացնող Վահան Շիրխանյանի եւ Սեդրակ Աճեմյանի միջեւ, քանզի վերջինս իբր «մեկուսացնում» է Շիրխանյանին պաշտոնական հանդիպումներից՝ այդ հանդիպումների ժամանակ կուսակցության անվան տակ անձնական հարցերը լուծելով: Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում Վահան Շիրխանյանն ասաց. «Դատարկ զրույցներով, ենթադրություններով, եզրակացություններով ես չեմ զբաղվում»:

Իսկ ԿՎ անդամ, ամերիկաբնակ Համբիկ Սարաֆյանը ներկուսակցական խնդիրների վերաբերյալ մեր հարցին պատասխանեց. «Ցավալի է, որ Հայաստանում շատ են տարածված ասեկոսային տարբերակները: Էդպիսի բան չկա, ես տեղյակ չեմ նման բանից: Մենք կուսակցության ներքին բաներն արտաքին օգտագործման համար չենք մեկնաբանում»: Ապա հավելեց. «Կուսակցության անունից, կուսակցության կողմից ոչ մի անհատ որոշումներ անելու իրավասություն չունի, եւ նաեւ հակառակը՝ ոչ մի մոտեցում, որը կուսակցությունը պետք է իրականացնի, պատահական չպետք է լինի եւ, մանավանդ, հրապարակային քննարկման չի դրվում: 125 տարի է՝ կուսակցությունն առաջնորդվում է իր կանոնակարգով: Դա այսօր կամ երեկ հանկարծ չենք փոխելու եւ պատահական բաներով չենք առաջնորդվելու: Այսօր մենք ուղղակի սպասում ենք՝ տեսնելու, թե ի՞նչ է կատարվում Հայաստանում: Ինչո՞ւ չէ, մեզ համար այսօր նաեւ Սփյուռքի հետ կապված հարցեր կան»: Պարոն Սարաֆյանը վստահեցրեց, որ գործող նախագահին զորակցության մասին խոսք չկա, «ընտրված բառերն են միգուցե նման տպավորություն առաջացնում»: Նա հիշեցրեց. «ԿՎ-ն իր խոսքի մեջ նշել էր, որ կուսակցությունը նման որոշում չի կայացրել: Դա ճիշտ է: Քանի դեռ թեկնածուները եւ նրանց ծրագրերը հայտնի չեն, նրանց ծրագրերը հրապարակված չեն, կուսակցությունը որոշում չունի, թե որ թեկնածուին է սատարելու: Իր (Աճեմյանի-Ն. Գ.) ընտրած բառերը կամ արտահայտած մտքերը ԿՎ տեսակետը չեն»: Մեր հարցին՝ որքանո՞վ է հավանական, որ ՍԴՀԿ-ն Սերժ Սարգսյանին սատարելու մասին որոշում կայացնի, մեր զրուցակիցն արձագանքեց. «1998 թվականից ի վեր մեր դիրքորոշումը շատ հստակ է եղել՝ մենք հետեւողականորեն Հայաստանում ժողովրդավարության, օրինականության, ազգային պետության կողմնակից ենք եղել, եւ այն թեկնածուները, որոնց մենք սկզբունքորեն սատարել ենք, այդ պայքարի կողմնակից են եղել: Այդ առումով, եւ Ստեփան Դեմիրճյանին սատարելու որոշումն էր դրանով պայմանավորված, հետագայում նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այսինքն՝ մեր մոտեցումը անհատական կամ անձնավորված բնույթ չի կրում: Մեր մոտեցումը հիմնականում գաղափարական է, եւ առաջնորդվում ենք միայն համոզմունքներով: Այս առումով ոչինչ բացառել չեմ ուզում, բայց հավանականությունների մասին խոսելիս չեմ ուզում ասել՝ հավանական է: Այսինքն՝ որեւէ թեկնածու, որի գաղափարները, ծրագրերը, հարցերի լուծման վերաբերյալ մոտեցումները կհամընկնեն մեր կուսակցության սկզբունքներին, մենք այդ թեկնածուին սատարելու խնդիր չունենք: Հիմնական հարցը կայանում է նրանում՝ ով ի՞նչ է բերելու, ի՞նչ է փոխելու Հայաստանի այսօրվա իրականության մեջ: Մեզ համար գլխավոր մտահոգությունը դա է, մանավանդ, որ նայում ենք ընթացքին, թե ինչ է տեղի ունենում. վերջին մեկ տարում մեր կուսակցությունը հանդես է եկել համակարգային փոփոխությունների տեսանկյունից, որը, կարծես, գնալով ավելի պոպուլյար է դառնում: Մյուս կուսակցություններն էլ են միացել այդ մոտեցմանը, որ համակարգային փոփոխություն է պետք, ոչ թե անհատների, անձերի: Անձերը եթե փոխվեն, համակարգը մնա նույնը՝ ով ուզում է լինի նախագահ, իրավիճակը չի փոխվելու»:

«Առավոտի» դիտարկմանը՝ 2008-ին առաջին նախագահը համակարգային փոփոխություններ առաջարկեց, եւ ՍԴՀԿ-ն կանգնեց նրա կողքին: Հիմա, եթե Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ՍԴՀԿ-ն կկանգնի՞ նրա կողքին, Սարաֆյանը պատասխանեց. «Նույն պատասխանը պիտի տամ: Մեզ համար կարեւոր չէ, թե այս կամ այն կուսակցությունների, խմբերի, անձերի հետ ով ինչ դաշինքներ է կնքում: Մեզ համար կարեւորը այն է, թե թեկնածուներն ի՞նչ ծրագրով են հանդես գալու եւ ո՞ւմ հետ են գործակցելու: Բոլոր թեկնածուները ՍԴՀԿ-ի համար հավասար հնարավորություններ, առավելություններ եւ բացասական կողմեր ունեն: Միայն ժամանակը պետք է ճշտի՝ ով ինչի տրամադիր կլինի: Եթե համակարգային փոփոխության իրական ծրագրեր եւ առաջարկներ չլինեն, դժվար կլինի ասել, թե ՍԴՀԿ-ն որ թեկնածուին է պաշտպանելու»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930