Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից՝ ականջների մասին

Նոյեմբեր 29,2012 13:42

1998-ից մինչեւ 2007 թվականը Ռոբերտ Քոչարյանը, նրա կողմնակիցները եւ քարոզիչները բոլոր ընդդիմադիրների (նույնիսկ Արկադի Վարդանյանի) հետեւում տեսնում էին ՀՀՇ-ի ականջները: Այդ ականջները ձեռնտու էր տեսնել, որովհետեւ հասարակության մի մասի մոտ պահպանվել էին ՀՀՇ-ի իշխանության հետ կապված բացասական էմոցիաները: Երբ, ասենք, խոսում էր Ստեփան Դեմիրճյանը, քարոզիչներն իսկույն ասում էին, որ դրանք պարոն Դեմիրճյանի մտքերը չեն, որ իրականում նրա վարքագիծը հուշում է «նախորդ հանցավոր ռեժիմը»: Հիմա ԲՀԿ-ի հետեւում ոմանք տեսնում են երկրորդ նախագահի «ականջները»: Որոշ «պատմական հիմքեր» դրա համար կան՝ կուսակցությունը եւ նախորդ գումարման պատգամավորական խմբակցությունը ձեւավորվել են այն ժամանակվա նախագահի գործուն մասնակցությամբ:  Բայց ընկալել եւ մեկնաբանել ԲՀԿ-ի ցանկացած քայլ այդ «ականջների» համատեքստում՝ կամ մոլորություն է, կամ էլ դարձյալ քարոզչական հնարք:

Պարզ է, որ հիմա գնում է քաղաքական կոնսուլտացիաների ակտիվ փուլ: Բանակցում են նաեւ Վարդան Օսկանյանն ու Լեւոն Զուրաբյանը: Վերջինս ներկայացնում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ ո՞ւմ է ներկայացնում Օսկանյանը: Ո՞ւմ է նա զեկուցում բանակցությունների արդյունքների մասին: Ես հակված եմ մտածելու, որ՝ հիմնականում Ծառուկյանին, որովհետեւ հենց իր կուսակցության նախագահն է հնարավոր առաջադրվող թեկնածուն: Ուրիշ հարց, որ այդ բանակցություններում, հնարավոր է, շոշափվում է «Քոչարյանին չկպնելու» պայմանը: Դա կարելի է ենթադրել նրանից, որ վերջին 2-3 ամիսներին ՀԱԿ-ականների ելույթներում Քոչարյանի թեման (նույնիսկ Մարտի 1-ի մասով) զգուշորեն շրջանցվում է: Բայց դա բավարար հիմք չէ՝ «ականջների մասին» խոսելու:

Ընդհանրապես մեր քաղաքական գործիչներն ու մեկնաբանները, իմ կարծիքով, չափից դուրս տարված են ամեն ինչի տակ խորը ենթատեքստեր, երբեմն նաեւ՝ դավադրություններ փնտրելով: Եթե նրանց լսես, ապա աշխարհը տիկնիկների ինչ-որ հավաքածու է, որոնց վերեւից թելերով ղեկավարում են տիկնիկավարները, վերջիններիս էլ՝ ավելի խոշոր տերերը: (Նրանց համար օգտագործվում է «աշխարհաքաղաքական կենտրոններ» ամպագոռգոռ անունը): Իրականում ամեն ինչ մի կողմից՝ շատ ավելի պարզ է՝ մարդկանց, նրանց խմբերի եւ քաղաքական ուժերի վարքը սովորաբար չունի այդքան խորը պատճառներ, մյուս կողմից՝ ավելի բարդ է՝ ինքնուրույն գործող միավորների համադրությունը դժվար է խցկել ինչ-որ օրինաչափության մեջ:

Իհարկե, ավելի հեշտ է ապրել ամեն տեղ ինչ-որ ականջներ տեսնելով: Բայց աշխարհի նման պատկերը, ինձ թվում է, հեռու է առողջ ընկալումներից: Հիշո՞ւմ եք Վիսոցկու երգի տողերը՝ «այդ ամենը հնարել է Չերչիլը 18 թվականին»: Այդ երգը, եթե չեք մոռացել, հոգեբուժարանի մասին է:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930