«Ազգային ժողովի մայիսյան ընտրությունները կրկին մեզ համոզեցին, որ իշխանությունների եւ օլիգարխների կապիտալը շաղկապված է, ներդաշնակ ու անբաժանելի, իսկ գաղափարախոսությունը ոչ տեղ ունի հանրության մեջ ոչ էլ՝ ուժ: Այսօր ժողովուրդի 50 տոկոսը չի հավատում ոչ ընդդիմությանը, ոչ իշխանությանը, եւ ոչ էլ՝ այլընտրանք երրորդ ուժին, իսկ մնացած 50 տոկոսն էլ գտնվում է վարչական լծալների ճնշման տակ, կամ՝ իր ձայնը դարձրել է ապրանք, չգիտակցելով որ իրեն պատկանող իշխանությունը վաճառում է օլիգարխներին: Ստեղծված իրավիճակում առաջադրել նախագահի թեկնածու՝ մեր կուսակցությունը նպատակահարմար չգտավ»,- այսօր «Ելակետ» ակումբում հայտարարեց «Միավորված հայեր» կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանը, հավելելով, որ «Միավորված հայերը» քաղաքական դաշտը բաժանում է 3 մասի՝ իշխանամետի, ընդդիմադիրի եւ երրորդ ուժի, որի գաղափարախոսության հենքում՝ ըստ նրա դրված է ազգի շահը:
Ռուբեն Ավագյանը տեղեկացրեց, որ նախագահական ընտրությունների ժամանակ իրենք ոչ մի ուժի չեն սատարելու, բացի այդ՝ նախ պետք է բոլոր թեկնածուների ծրագրերն ուսումնասիրել, համոզվելու համար, թե ում ծրագրերն են համահունչ «Միավորված հայերի» ծրագրերին, եւ թե, ով է հավակնում երրորդ ուժ դառնալուն:
Պատասխանելով Aravot.am-ի հարցին, կդառնա՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը երրորդ ուժ, թե ոչ՝ Ավագյանն ասաց. «Նախ նա պետք է վերանայի իր ծրագիրը, գաղափարախոսությունը: Բացի այդ, եթե ասում են «Բարգավաճ Հայաստան», ապա մենք նկատի ունեք Ռոբերտ Քոչարյանին, իսկ եթե ասում են Ռոբերտ Քոչարյան՝ մենք հասկանում ենք «Բարգավաճ Հայաստան»: Թե ինչ կվորոշեն իրենք, դա իրենց խնդիրն է, բայց Ծառուկյանը երրորդ ուժ չի կարող լինել»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Տեսանյութը՝ «Ա1+»-ի