Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուջեի նախագծի վերաբերյալ ԱԺ 406 առաջարկներից ընդունել են 67-ը

Նոյեմբեր 29,2012 12:39

Աժ առաջարկությունները մասամբ հաշվի առնելով՝ այսօր կառավարությունը հաստատեց 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը: Ըստ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի, նախագծի վերաբերյալ ԱԺ-ից ընդհանուր առմամբ 406 առաջարկություն են ստացել ու դրանցից 67-ը ընդունել են:

Նախարարի խոսքերով, խորհրդարանականները հիմնականում առաջարկել են ավելացնել բյուջեի եկամուտները՝ 137,6 միլիարդ դրամով, ծախսերը՝ 411 միլիարդ դրամով: Առաջարկվել է նաեւ ավելացնել հատկացումները սոցիալ- մշակութային եւ գիտության ոլորտներին ՝ 281 միլիարդ դրամով, տնտեսության ճյուղերին հատկացված գումարները՝ 44,7 միլիարդ դրամով:

ԱԺ-ից նաեւ առաջարկություն է եղել պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացման համար ավելացնել հատկացումները 76 միլիարդ դրամով:

Նախարարի խոսքերով, քննարկումների արդյունքում պետական բյուջեի նախագծում որոշակի փոփոխություններ արդեն արվել են: Ավելացվել են հարկային մուտքերը 177 մլն դրամով, ինչը, ըստ նախարարի, պայմանավորված է սուբսիդիաները հարկելու վերաբերյալ նոր օրենքով: Պարոն Գաբրիելյանը նաեւ ասաց, որ պետբյուջեի նախագծով եկամուտները և ծախսերն ավելացվելու են 1 մլրդ 200 մլն դրամով:

Հիշեցնենք, որ 2013 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել էր 1 տրիլիոն 031 մլրդ դրամ, ինչը ընթացիկ տարվա համեմատությամբ 13 տոկոսով ավելի է: Ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 151 մլրդ դրամ: Այլ եկամուտների մասով մուտքերը 2013 թվականի համար ծրագրվել են 22,3 մլրդ դրամի չափով:

ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծի ծախսային մասը ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի հաստատված մակարդակի համեմատ ավելացել է շուրջ 107 մլրդ դրամով:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930