«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ծայրաստիճան կարեւոր հարց է Եվրամիության համար», – հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը` երեկ Բաքվում հանդիպելով «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվող կազմակերպության ղեկավարության հետ։
«Եվրամիությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ յուրաքանչյուր երկրի, այդ թվում` Ադրբեջանի, տարածքային ամբողջականությունը անձեռնմխելի է», – 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ասել է Լեֆորը։
Վստահեցնելով, որ Եվրամիությունը հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման կողմնակից է եւ կարեւորում է այդ ուղղությամբ բանակցությունների շարունակումը` եվրոպացի դիվանագետը նշել է. – «Անհրաժեշտ է կազմակերպել երկխոսություն համայնքների միջեւ, ինչը կծառայի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացի արագացմանը»։
«Ազատություն» ռադիոկայան