Լրահոս
Օրվա լրահոսը

2013 թ. պետբյուջեի նախագծի լրամշակված տարբերակը կներկայացվի Ազգային ժողով

Նոյեմբեր 29,2012 12:22

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

  Կառավարությունը հավանություն է տվել ս.թ. հոկտեմբերի 2-ին Ազգային ժողով ներկայացված 2013 թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարված փոփոխություններին, նախագծի քննարկման արդյունքում կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին։ Բյուջեի նախագծի վերաբերյալ ստացվել է 406 առաջարկություն, որից 67-ն ընդունվել է, 207-ը կարող է օգտագործվել առաջիկա տարիների ընթացքում, իսկ 137-ն ընդունելի չի համարվել։

ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է հավանության արժանացած փոփոխությունների լրամշակված տարբերակն ամփոփաթերթիկի հետ միասին ներկայացնել կառավարության աշխատակազմ, որն էլ կապահովի այդ փաստաթղթերի ներկայացումը ՀՀ Ազգային ժողով (նախագծի քննարկումը վերսկսելուց առնվազն 24 ժամ առաջ)։

Նիստում իր ղեկավարած նախարարության համակարգի հարկային պարտավորությունների կատարման հաշվետվությամբ հանդես է եկել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը (հարց N3)։

Երթևեկության կանոնների պահպանումը կվերահսկի ավտոմատ համակարգը

 

Նկատի առնելով այն իրողությունը, որ ճանապարհային ոստիկանության ընթացիկ տարվա արտաբյուջետային միջոցների նախահաշվի 9 ամսվա արդյունքով էապես գերակատարվել է եկամտի ծրագիրը, ինչը պայմանավորված է երթևեկության կանոնների պահպանման հսկողության ավտոմատ համակարգի ներդրմամբ, կառավարությունը որոշել է գերակատարմամբ ստացված գումարի մի մասը նույնպես տրամադրել նշված համակարգի առաջանցիկ զարգացմանը։ Մասնավորապես, սարքերի և սարքավորումների ձեռքբերմանը կուղղվի մոտ 1 մլրդ 300 մլն դրամ, համակարգի պահպանման և սպասարկման աշխատանքին` մոտ 145 մլն դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ երեկ` Մայքրոսոֆթի կենտրոնի բացման ժամանակ, ոստիկանությանը մի հետաքրքիր ծրագիր են առաջարկել երիտասարդ մասնագետները։ Եթե ավտոմեքենան նկարահանվում է և խախտման համար «արժանանում» տուգանքի, ապա ծրագիրը հնարավորություն է տալիս անմիջապես հաղորդագրություն ուղարկել վարորդին։ Վերջինս ոչ միայն իմանում է, որ իր խախտումն արձանագրվել է, այլև` թե որքան է վճարելու։ «Ծրագիրն արդեն պատրաստ է, մնում է այն ներառել տվյալների շտեմարան», – ասել է վարչապետը։ – «Երիտասարդների մեկ այլ ծրագիրն էլ նախատեսված է գյուղատնտեսական ապրանքների առաջարկի և պահանջարկի ներկայացմանը», – շարունակել է Տիգրան Սարգսյանը։Գյուղացիները կարող են նման տեղեկություն ստանալ հեռախոսով, հանգամանք, որը մեծացնում է վաճառքի կազմակերպման հնարավորությունը»։ Վարչապետը ՀՀ ոստիկանությանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարել է կապվել Մայքրոսոֆթի կենտրոնի Start up բիզնեսի ծրագրի ղեկավարի հետ և քննարկել մշակված ծրագրերի օգտագործման հնարավորությունը։

Հաջորդ երկու որոշումը միտված է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համակարգի վարչարարության արդյունավետության բարձրացմանը։ Առաջինով առավել հստակեցվում են վարչության կողմից ՀՀ քաղաքացիության դադարեցման ընթացակարգում իրականացվող գործառույթների բնույթը և ժամկետները, երկրորդով` պարզեցվում քաղաքացիություն ստացողի երդման արարողակարգը։

 

Երևանում չջեռուցվող դպրոց չի լինի

 

Կառավարությունն ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք թելադրված են Երևան քաղաքի չջեռուցվող հիմնական, ավագ և հատուկ դպրոցները ջեռուցման համակարգերով ապահովելու նպատակով լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ։ Որոշմամբ կջեռուցվի ևս երկու դպրոցի շենք, որոնց համար նախկինում գումար չէր հատկացվել։ «Այսպիսով, մինչև տարեվերջ Երևանում չջեռուցվող դպրոց չի լինի», – շեշտել  վարչապետը և հավելել, որ դրանով իսկ կկատարվի ՀՀ նախագահի հանձնարարականը։

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացում` սկսնակ գործարարների պետական աջակցության ծրագրի դրամագլուխը մեծացնելով 200 մլն դրամով։ Որոշումը թելադրված է այն իրողությամբ, որ սկսնակ գործարարների համար 2012 թ. նախատեսված ֆինանսական աջակցության դրամագլուխը ս.թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ ամբողջովին տեղաբաշխվել է, մինչդեռ պահանջարկը մեծ է։ Մատչելի ֆինանսական ռեսուրսների ներգրավման միջոցով ակնկալվում է ընդլայնել սկսնակ ՓՄՁ սուբյեկտների ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորությունը։

Կառավարությունը որոշել է «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» ՊԿՀ-ի տնօրինության 9 շարժական և 26 ստացիոնար հակակարկտային համակարգերը, 2 ավտոմեքենաներն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ին։ Որոշման ընդունման շնորհիվ կբարձրանա հակակարկտային պաշտպանության արդյունավետությունը, կնվազի կարկտահարությունից գյուղատնտեսությանը հասցվող վնասը։

Տավուշի և Լոռու համապատասխան տարածաշրջաններում ոռոգման ջրի մատակարարումն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով կառավարության  որոշմամբ «Դեբեդ-Աղստև-ջրառ» ՓԲԸ գույքի կազմից առանձնացվել են ոռոգման համակարգեր և գույք և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել «Լոռու-ջրանցք», «Ուտիք», «Նոյեմբերյան» և «Գետիկ» ջրօգտագործողների ընկերություններին։ Բացի այդ, վերակազմակերպվել են «Դեբեդ-Աղստև-ջրառ» և «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ները։

Կառավարությունը վերաբաշխել է 2012 թ. պետբյուջեն, փոփոխություններ և լրացումներ կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և Հայաստանի երիտասարդական հիմնադրամին և «Դասական երաժշտության աջակցություն» Հ/Կ-ին տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել համապատասխանաբար 100 մլն և 12 մլն դրամ։ Որոշման նպատակն է բարելավել բուհերի ուսանողների կրթական, սոցիալ-տնտեսական վիճակը, հոգևոր-հայրենասիրական և գեղագիտական դաստիարակությունը։

 

 Կբարելավվեն մեկ սենյակի շահառուների բնակարանային պայմանները

 

Վերաբաշխում կատարելով 2012 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` կառավարությունը Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերում, ինչպես նաև Դիլիջան քաղաքում մեկ սենյակի շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային պայմաններն ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով բարելավելու նպատակով հատկացրել է 1 մլրդ 146 մլն դրամ։ Այդ գումարով բնակարանային պայմանները կարող է բարելավել 382 ընտանիք։ Ֆինանսավորումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թ. տրամադրված պետական վարկի միջոցների հաշվին` կայունացման դեպոզիտային հաշվից։

ՀՀ 2012 թ. պետբյուջեում կատարելով վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ` ավելի վաղ ընդունած որոշման մեջ` գործադիրը հնարավորություն է ստեղծել, որպեսզի այս տարի ավարտին հասցվի ՀՀ պաշտպանության նախարարության կողմից Բալահովիտում կառուցվող 33 բնակարանով բնակելի շենքի շինարարությունը։

Գործադիրը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով սահմանվել էր ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը։ Այժմ անհրաժեշտություն է առաջացել կարգավորել, տարանջատել ու հստակեցնել պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների տնօրինումը, ինչը պայմանավորված է ՀՀ ֆինանսների նախարարության գործառույթներով։

ՀՀ կառավարությունը սահմանել է Հայաստանի գրադարանների միասնական մատենագիտական համահավաք գրացուցակի ստեղծման կարգը։ Այդ գրացուցակի միջոցով մատենագիտական գրառումների ամբողջությունը հանրությանը ներկայացնելը գրադարանների գործունեության կարևորագույն բաղադրիչներից է։ Էլեկտրոնային գրացուցակը հնարավորություն կտա ապահովել քաղաքացիների` տեղեկույթից օգտվելու իրավունքը։

 

 

 

Ամբողջացվում է կենսաթոշակային համակարգի ներդրման ենթաօրենսդրական դաշտը

 

ՀՀ կառավարությունը հաստատել է կուտակային կենսաթոշակը ծրագրային վճարի տեսքով վճարվելու դեպքում դրա հաշվարկման մեթոդաբանությունը։ Փաստաթուղթը կարգավորում է «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքով սահմանված վճարի հաշվարկման մեթոդաբանության հետ կապված հարաբերությունները։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու և աշխատակիցների հաճախման կառավարման բազմագործառնական համակարգ ներդնելու նպատակով ծառայությանը հատկացվել է ավելի քան 13.5 մլն դրամ։

Նիստում հաստատվել է բնապահպանական ծրագրերի արդյունքները բնութագրող տեղեկատվության հավաքման, կուտակման, պահպանման և հետագա օգտագործման կարգը, որը հնարավորություն կտա նշված տեղեկատվությունը մատչելի և հասանելի դարձնել բոլոր սպառողների համար։

Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում` գործադիրը պարզեցրել է 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական դիտարկումը և դրա հիման վրա ընկերությունների ֆինանսական վիճակի բարելավման համապատասխան առաջարկների ներկայացումը։

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2013/2014 թթ. ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը, որը համապատասխանում է երկրի տնտեսության և գիտության զարգացման կարիքներին և պետության համար կարևորություն ունեցող բնագավառների մասնագետների պատրաստմանը։

 

 Կուժեղացվի հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանությունը

 

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում կուժեղացվի հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանությունը հակաիրավական ոտնձգություններից։ Բացի այդ, հենության աստիճանը նվազեցնելու կարևորագույն օրենսդրական հիմքը ՀՀ քրեական օրենսգրքում պատասխանատվություն նախատեսող հոդվածներն են, առանց որոնց մտավոր սեփականության պաշտպանությունը թերի կլինի։ Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն նաև Հայաստան-Եվրամիություն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնագրի կնքման բանակցության արդյունավետությանը։

Նիստում հավանության է արժանացել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որը կարգավորում է ոլորտում առկա մի շարք խնդիրներ։

Գործադիրը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «2013-2017 թթ. գիտության ֆինանսավորման չափերի և կարգի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է շեշտակի ավելացնել ոլորտի ֆինանսավորումը։ Կառավարությունը դեմ է ներկայացված օրինագծին, քանի որ ՀՀ 2013 թ. պետբյուջեի նախագծով նման հատկացում նախատեսված չէ և պարզ չէ, թե ինչ միջոցներով է մեծացվելու ֆինանսավորումը։

Վերը նշված օրենքների նախագծերը և ՀՀ կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930