«Ստեղծվել է «Բալետ 2021» հիմնադրամը: Դրա հիմնական նպատակներն են` նոր բեմադրությունները, նոր բեմադրիչների` Հայաստան հրավիրելը, մեր պարողներին արտասահմանում վերապատրաստման ուղարկելը, եւ որոշակի ֆինանսական աջակցություն ստանալը: Հիմնադրամը իր աշխատանքները կմեկնարկի դեկտեմբերի 1-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` բալետի երեկոյով, որի հասույթը տրամադրվելու է պարողներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց հիմնադրամի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը: Վերջինիս խոսքով, պետությունը կողմնակից է, որպեսզի հիմնադրամը գործի, քանի որ միայն ինքը չի կարող հովանավորել:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի գլխավոր բալետմեյստեր Ռուդոլֆ Խառատյանն էլ ասաց, որ ստեղծագործական բոլոր մեծ կոլեկտիվները ստեղծել են հիմնադրամներ. «Ինչպես Լիլիթը նշեց` միայն պետությունը չի կարող իր վրա վերցնել պարտականությունները»:
Խառատյանը ցավով նշեց, որ կա Հայաստան, կա հայություն, բայց գոյություն ունի ընդամենը մեկ բալետային պրոֆեսիոնալ խումբ: Երբ խոսում են անցյալի համար, ապա ամբողջը սովետական սիստեմ էր, իսկ հիմա դա չկա: Հիմա Հայաստանը ունի աշխարհի հետ ուղիղ կապի հնարավորություն:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի գլխավոր բալետմեյստերի խոսքով, հիմնադրամի միջոցով ավելացել է բալետ պարողների ֆինանսավորումը: Ասում է` նրանց աշխատավարձը 70-80 հազար դրամ է, մինչդեռ, ամենացածրը պետք էր լիներ 150 հազարը. «Դա անում ենք, որպեսզի չգնան նրանք այստեղից»:
«Մենք նոր սկսում ենք գտնել այն ուղիները, որոնք մի շարք պետություններ վաղուց են գտել: Ես չեմ ցանկանում այսօրվա մեր վիճակը համեմատել դրսի վիճակի հետ, սակայն նշեմ, որ ռուսական դպրոցը մեծ զարգացում է ապրում: Ռուսական բալետը մի արժեք է, որով նրանք մի շարք հարցեր են լուծում: Ես էլ կցանկանայի, որ մեզ մոտ այդպես լիներ»,- ասաց Խառատյանը: Ըստ նրա, այն ուսուցիչները, ովքեր կարող էին ավելի որակյալ մասնագետներ տալ, հեռացել են այստեղից:
«Բալետ 2021» հիմնադրամի տնօրենը, խոսելով իրենց ապագա անելիքների մասին, նշեց, որ երկու բեմադրության ծրագիր ունեն, բայց դրանք նախապատրաստական փուլում են. «Ծրագրեր շատ կան եւ կարծում եմ` դրանք կիրականան»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ