Լրահոս
Օրվա լրահոսը

Վանդալիզմ է տեղի ունենում Գառնիի տաճարի մոտ. բազալտե քարերը թալանում են (Տեսանյութ)

Նոյեմբեր 29,2012 12:06

«Վանդալիզմ է տեղի ունենում՝ Գառնիի տաճարի մոտ»,- այսօր բնապահպանական ակտիվիստները «Ուրբաթ» ակումբում այսպիսի ահազանգ արեցին՝ վստահեցնելով, որ Գառնիի քարերի սիմֆոնիան կամ «բազալտե երգեհոնը» վերածում են Նոր Ջուղայի գերեզմանոցի:

Սարմեն Շահիջանյանի խոսքերով՝ «2008-ին այն գրանցվել է որպես բնության հուշակոթող եւ մնացել է թղթի վրա, ոչինչ չի արվում: Մինչ օրս տարածքը չի հսկվում, բարձիթողի վիճակում է: Մեկը Գառնիի քարերի սիմֆոնիան վերածել է հանքավայրի եւ այդ բազալտե քարերը օգտագործում է: Բեռնատարը գալիս է, վաղ առավոտը ջարդում-փշրում են: Զարմանալի է, թե ինչպես կարող են պետական մարմինները ոչինչ չանեն ու ոչինչ չիմանան»:

Բնապահպանական ակտիվիստ Սամվել Հովհաննիսյանը պատմեց, թե ինչպես են մեկ միս առաջ տեսել, որ տարածքում քարերի կոտրված տեղեր կան եւ պարզ աչքով երեւում է, որ բնությունը չի քանդել, գործիքի տեղեր կան: Նա հարց բարձրացրեց. «Գյուղապետն ինչի՞ համար է այդ պաշտոնում նստած, եթե չի կարողանում իր տարածքը հսկի: Մենք իրենց տեղեկացրել ենք, որ քարերը գողանում են: Ես սկսում եմ մտածել, որ գյուղապետը կամ գործ չի անում, կամ պարտակում է այս հանցագործությունը: Դժվա՞ր է տեսուչ կամ պահակ նշանակել, որ մուտքերը հսկեն: Բեռնատարներով են քարերը տանում»: Հարցին՝ դուք ինչ-որ մեկի հետ կապո՞ւմ եք այդ քարերի բիզնեսը, որովհետեւ պատահական մարդիկ չեն կարող բեռնատարներով գալ ու այդ քարերը տանել՝ բնապահպաններն պատասխանեցին, որ գյուղացուց սկսած մինչեւ օլիգարխներ զբաղված են դրանց թալանով:

Նրանք ճշտել են անգամ, թե որքան են վաճառում յուրաքանչյուր բազալտե քարը՝ 600 դրամով. «Մեծահարուստներ կան, որոնք տուն են սարքում՝ էդ նույն քարերով: Վեցանկյուն քարերից են, ուրիշ տեղ չկա նման քար: 2007-ից սրա մասին խոսվում է եւ ոչ մի տեղաշարժ չի լինում: Էլ չենք խոսում տարածքի մասին, թե ինչ աղբ է»:

Սարմենը պատմեց, որ Խոսրովի արգելոց է գնացել 3 ամիս առաջ, երբ այն ժամանակ մուտքը արգելված չէր. «Նկարել եմ քարերից ու տեղադրել եմ ֆեյսբուքում: Այնքան հետաքրքրություն կա որպես էկոտուրիմ զարգացնելու այս կողմը: Բոլորը հարցնում են՝ սա ի՞նչ է, ասում եմ՝ քար է, չեն հավատում: Եթե Նախիջեւանում թուրքերն են մեր հուշարձանները վերացնում,այստեղ՝ ներքին թուրքերը: Անխելք օլիգարխների շնորհիվ մեր բնությունը վերացնում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930