«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որն այդպես էլ չի կարողանում կողմնորոշվել նախագահական ընտրություններում իր մասնակցության ձեւաչափի շուրջ, երեկ հայտարարել է. «Ես պատրաստ եմ լինել այդ հավաքական թեկնածության մասնիկը կամ հակառակը՝ պաշտպանել մեկ այլ թեկնածություն։ Դա վերաբերում է եւ ԲՀԿ-ին, ե՛ւ ՀՅԴ-ին, ե՛ւ ՀԱԿ-ին։ Այստեղ միասնական, կախարդական թեկնածուի հարցը չէ. պետք է տեսնենք, որ, իսկապես, կա մարդ, որի միջոցով կարելի է դուրս գալ այս իրավիճակից եւ ինչ-որ բան փոխել»։
Պարոն Հովհաննիսյանն այսպիսով միանգամայն ճշգրիտ տվել է ներկա քաղաքական իրավիճակի ախտորոշումը, այն է՝ Սերժ Սարգսյանին հաղթելու շանսեր եւ երկրում իրապես ինչ-որ բան փոխելու ունակ թեկնածուի բացակայություն։ Իսկ ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ քաղաքական ուժերի քննարկումները՝ գաղափարական պլատֆորմների եւ համակարգային փոփոխությունների շուրջ, ընդամենը այդ թեկնածուի բացակայությունը քողարկելու նպատակ են հետապնդում։ Առավել եւս, որ առաջադրված փոփոխությունները չեն կարող լուծել այսօրվա ամենահրատապ խնդիրները, կասեցնել արտագաղթը եւ կրճատել աղքատությունը։ Ո՛չ ՀՅԴ-ի, ո՛չ էլ, բնականաբար, ԲՀԿ-ի առաջադրած գաղափարական հենքը՝ խորհրդարանական համակարգի եւ համամասնական ընտրակարգի շուրջ, ի վիճակի չէ լուծել այդ հարցերը։ Մի՞թե որեւէ մեկը, թեկուզ հենց ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներսում, հավատում է, որ խորհրդարանական համակարգի անցնելու դեպքում երկրում ընտրությունները չեն կեղծվելու, մոնոպոլիաները վերացվելու են եւ տնտեսության՝ 50 տոկոսից ավելի ստվերը բերվելու է հարկային դաշտ։ Էլ չասած՝ որ ներկայիս խորհրդարանի կազմին նայելով՝ շատերի մոտ առաջանում է հակառակ՝ հակախորհրդարանական կառավարման համակարգի անցնելու ցանկություն:
Կարծում ենք, առավել քան ակնհայտ է, որ մեր երկրի զարգացման հիմնական խոչընդոտն այս փուլում ոչ թե կառավարման համակարգն է կամ էլ հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը ետ չկանչելը, այլ երկիրը խեղդող համատարած կոռուպցիան, աղքատությունն ու արտագաղթը, որոնք հնարավոր է կասեցնել ոչ թե գաղափարական փոփոխությունների, այլ շատ՝ պարզ քաղաքական կամքի առկայության դեպքում։
«Ժողովուրդ»