Լրահոս
Օրվա լրահոսը

Զգուշացեք, այսօր նոյեմբերի 29-ն է

Նոյեմբեր 29,2012 11:27

Նոյեմբերի 29-ն այն օրն է, երբ խորհրդային կարմիր բանակը մտավ Հայաստանի անկախ Առաջին հանրապետություն և հաստատեց խորհրդային կարգեր, որից հետո Հայաստանը տասնամյակներ շարունակ գոյություն ուներ որպես ԽՍՀՄ հանրապետություններից մեկը:

Յոթ տասնամյակ անց Հայաստանը ստացավ իր անկախությունը վերագտնելու հնարավորություն, այդ հնարավորությունը փորձեց օգտագործել պատերազմին զուգահեռ, հաղթեց պատերազմում, բայց պարտվեց անկախության համար խաղաղ պայքարում: Պարտվեց ինքն իրեն ու հետո՝ նաև նախկին խորհրդային կայսրության «իրավահաջորդի» դերը ստանձնած Ռուսաստանին:

Այսօր` 2012 թվականի նոյեմբերի 29-ին, մենք գտնվում ենք բավական հետաքրքիր և վտանգավոր մի վիճակում, երբ ԽՍՀՄ-ի մասին կարող ենք խոսել ոչ թե անցյալ, այլ ապառնի ժամանակով, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը, իր նախագահ Պուտինի մտքով, այսօր ռեալ ջանքեր է գործադրում ԽՍՀՄ-ը Եվրասիական միության անվան տակ վերականգնելու համար և այդ գործում փորձում է ներգրավել նաև Հայաստանին, կամ ավելի ճիշտ կլինի ասել` պարտադրել է փորձում, որովհետև Հայաստանի իշխանությունը ԽՍՀՄ վերականգնման գաղափարին այնքան էլ սիրահոժար չի ընդառաջ գնում: Բայց Ռուսաստանը ուժեղացնում է ճնշումը՝ նաև օգտագործելով Հայաստանի նախագահական ընտրությունները:

Ռուսական կայսրության զենքը այս գործում ՀԱԿ-ԲՀԿ-ՀՅԴ դաշինքն է, որի միջոցով կամ որի հեռանկարի միջոցով Մոսկվան Սերժ Սարգսյանին փորձում է սպառնալ իշխանափոխությամբ կամ ցնցումներով՝ նախագահական ընտրարշավի ժամանակաշրջանը օգտագործելով Եվրասիական միությանն անդամակցելու համաձայնության համար:

Ինչով կավարտվեն Ռուսաստանի շանտաժները՝ դժվար է ասել, բայց որ ԽՍՀՄ փլուզումից 21 տարի անց նոյեմբերի 29-ը Հայաստանում դարձել է օրացուցային ակտուալ թվանշան՝ կարծես թե փաստ է և մտահոգիչ փաստ, որ պետք է արժանանա Հայաստանի բոլոր այն քաղաքացիների ուշադրությանը, ում համար Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունն արժեք է, որը չպետք է զոհել որևէ նպատակի, առավել ևս՝ որևէ օտար պետության նպատակի:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930