Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞նց է ապրում ժողովուրդն Արցախում. երկու իրարից տարբեր տեսակետներ

Նոյեմբեր 29,2012 10:36

Ամենակարեւորը` Արցախում ծայրաստիճան աղքատ, սոված մարդ չկա` միանշանակ, քանի որ ամեն մարդու համար կա աշխատանք: Սա Արցախի վարչապետ Արա Հարությունյանի համոզմունքն է. «Իհարկե, շատերի համար եղած աշխատանքը բավարար չէ, եւ դա է շարժիչ ուժը, զարգացումը, դրա համար ունենք բազմաթիվ ուղղություններով որակյալ աշխատուժի կարիք»: Միաժամանակ զբաղվածների ստացված վաստակը չի բավարարում կենցաղային բոլոր խնդիրները լուծելուն: Միջին թոշակը 31 հազար դրամ է` 100 դոլարից քիչ, միջին աշխատավարձը 100 հազար դրամ է: Նվազագույն աշխատավարձը նույնն է, ինչ որ Հայաստանում` 32 հազար դրամ, բայց շատ քչերն են, որ այդ նվազագույն աշխատավարձն են ստանում: Եթե որոշ տեղեր կան այդպիսի աշխատավարձեր, նշանակում էՙ տվյալ անձը երկու տեղ է աշխատում: Արտագաղթո՞ւմ են. «Մեզ մոտ ներգաղթն է ավելի մեծ, երիտասարդությունը նույնպես վերադառնում է: Այսօր հաշվառվում է հոսքը` սալդոն դրական է», ասաց վարչապետը` վերջին հաշվարկը մեզ տրամադրելով:

Արցախցի տղաների մի մասը վարչապետի լավատեսությունը չի ընդունում

Վլադիսլավ Մուսայելյանը, որ բարձրագույն կրթություն ունի եւ ծառայել է բանակում, այժմ ուզում է սեփական բիզնես հիմնել` խանութ դնել. «Փորձում եմ` չի ստացվում, ավելի շուտ` չեն թողնում: Նալոգները շատ են` երկու ջահել ենք, ես 26 տարեկան եմ, ընկերս` 23: 3 մլն դրամ է պետք սկզբի համար: Երեւանից ապրանքը բերում ենք` նախ տամոժնի է դրած, այդպես էլ չեմ հասկանում, որ նույն պետությունն է` ինչի՞ է տամոժնյա դրած: Ստեղից էլ Հայաստան է տամոժնի դրած` համարյա 10 տոկոս պիտի տաս պետությանը»: Հաշվեց` 10 տոկոս` «տամոժնի» (մաքսատուրքը նկատի ոունի – Մ. Խ.), 10 տոկոս լույսի-ջրի, խանութի վարձ, 10 տոկոս աշխատողի հարկ, առյուծի բաժին`աշխատավարձ, ձախ վճարումներ. «Տակը բան չի մնում», ասաց: Համոզված էր. «Ռուսաստան գնամ` էդքան որ չարչարվեմ, մի բան դուրս կգա»:

Ասացի` ի՞նչ փոխվի, որ մնաս: Ասաց` «Տամոժնին որ հանեն` կմնամ»:

Վլադիսլավն ասում էր, թե պատերազմից ապահովագրված չէ Արցախը, եւ հատկապես եթե հարցը լուծվելու է` այդ դեպքում որոշ ժամանակ պատերազմական գործողություններն անխուսափելի կլինեն, սակայն եթե այսպես մնա` չլուծված, դա շատ երկար կարող է շարունակվել: Արցախի ապագան նա նույնպես անկախ է պատկերացնում:

Նրա այն ընկերը, որի հետ ուզում է սեփական գործ բացել, Նաիրի Բաբայանը, Արցախի պետական համալսարանի «Տրանսպորտային ուղիների միջոցների կառավարում եւ շահագործում» բաժնում է սովորում: Սակայն նա Վլադիսլավի նման կտրական չէ ու Ղարաբաղում ապրելու լավ կամ վատ լինելը մարդուց կախված բան էր համարում: Պետք է փորձել, հարմարվել, միանգամից ոչինչ չի լինում:

Նրա կարծիքովՙ Ադրբեջանը եթե վստահ լինի իր ուժերին` կկռվի, եթե չի կռվում, ուրեմն վստահ չէ. «Մենք պետք է մեր ուժերի վրա դնենք հույսը` Ռուսաստանի կամ այլ պետության հետ հույս կապել պետք չէ, մեր երկիրը մենք պետք է պաշտպանենք, զարգացնենք», ասաց Նաիրին:

Արցախցի տղաների հետ մեր զրույցը ստացվեց ակամա, նրանք անգամ չիմացան, որ «Ազգի» թղթակցի հետ են զրուցում: Այնպես որ նրանց անկեղծությունը պետք է գնահատել, ու միգուցե Արցախի վերին օղակները նրանց, որպես մտածող երիտասարդների, ներառեն ինչ-որ ծրագրերում:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930