Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը համաձայնել է պատասխանել NEWS.am-ի մի քանի հարցերին:
Որպես ՀԱԿ մաս կազմող Պահպանողական կուսակցության ղեկավար` ինչպե՞ս եք պատկերացնում ՀԱԿ մասնակցությունը նախագահական ընտրություններին:
Պատկերացնում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությամբ:
Ինչպե՞ս եք վերաբերում ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը եւ նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի թեկնածուին սատարելու հավանականությանը:
Կարդացեք նաև
Ցանկացած քաղաքական համագործակցության վերաբերում եմ դրականորեն, իսկ որեւէ այլ կազմակերպության թեկնածուի սատարման հավանականությունը պարզապես չեմ կամենում պատկերացնել:
Եթե վերոնշյալ զարգացումը լինի, ապա չե՞ք կարծում, որ այդպես շարժումը կմեռնի, ՀԱԿ-ը կվարկաբեկվի: Իսկ եթե ՀԱԿ-ԲՀԿ` Գագիկ Ծառուկյանը` որպես միասնական թեկնածու տարբերակը ընդունելի չէ Ձեզ համար, ապա ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել այդ պարագայում, օրինակ` «Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունը հայտարարել են, որ այդ դեպքում կդադարեցնեն անդամակցությունը ՀԱԿ-ին:
Եթե խոսքը 2007թ. սկզբնավորված Համաժողովրդական շարժման մասին է, ապա այն օրինաչափորեն դադարել է այդպիսին լինելուց՝ ստանալով Հայ ազգային կոնգրեսի կազմակերպչական ձեւը: Թեեւ ՀԱԿ հիմնադիր կուսակցություններից ենք, սակայն ավելի քան երկու տարի է՝ մեզ չի հետաքրքրում նրա վարկանիշը: Քանի որ մենք մեր քաղաքական գործունեությունը չենք պայմանավորում ՀԱԿ-ի հետ բանակցող կամ չբանակցող որեւէ կազմակերպության ենթադրելի պահվածքով՝ դրանով իսկ որեւէ կազմակերպության՝ մեզ համար չենք ճանաչում որպես առանցք կամ առաջնային գործոն, ուստի թեական կանխատեսումների քննարկմամբ հետաքրքրված չենք կարող լինել: