Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյանի ուշագրավ բացահայտումները՝ Մարտի 1-ի մասին

Նոյեմբեր 28,2012 22:43

Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում ՀԱԿ պատգամավոր, հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանը մի շարք ուշագրավ տեղեկություններ ներկայացրեց Մարտի 1-ի դեպքերին առնչվող: Հիշեցնենք, որ հանձնաժողովում այսօր քննարկվում էր Մարտի 1-ի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը՝ զոհերի ծնողների ներկայությամբ: Նա պատմեց, որ դեպքի վայրի լրացուցիչ զննությամբ, ինչքան էլ  տեսել ենք, որ դեպքի վայրը հաջորդ առավոտյան լվացվում, մաքրվում է, Մարտի 1-ի հաջորդ օրը լրացուցիչ զննությամբ հարյուրավոր պարկուճների ու փամփուշտների հետ մեկտեղ հայտնաբերվել են նաեւ ՌՊԿ-ի՝ ձեռքի գնդացիրի պարկուճ եւ փամփուշտներ. «Դա կարող է կիրառված լինել ոչ միայն գնդացրի, այլ նաեւ ՍՎԴ-ի համար, դա նույն պարկուճներն են: Ասեմ ձեզ, ոստիկանության պաշտոնական տեղեկատվության հիման  վրա՝ ներքին զորքերի ստորաբաժանումները իրենց սպառազինությունում գնդացիրներ չեն ունեցել: Բայց դեպքի վայրից հայտնաբերվել են ոչ միայն փամփուշտներ չկրակված, այլ նաեւ կրակված պարկուճներ: Եվ ցավ է, որ  մեր նախաքննության մարմինը մինչեւ այսօր որեւէ այդպիսի հրազեն չի հայտնաբերել, չի առգրավել»:

Նա ասաց, որ բազմաթիվ այդպիսի ապացույցներ ու փաստեր իրենք ունեն. «Բանակի եւ ապօրինի զինված խմբավորումների մասնակցության վերաբերյալ զեկույցներում նշում ենք, որ բանակային հատուկ նշանակության ստորաբաժանումներ են ներգրավվել այդ օպերացիային,  ինչպես նաեւ ԼՂՀ  ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումներ, որոնց զենքերը եւ որոնց մասնակցության խնդիրը մինչ օրս քննության առարկա չի դարձել»:

Հատուկ միջոցների գործադրման հետ կապված Գագիկ Ջհանգիրյանը մի տեղեկություն եւս հրապարակեց: Նա ասաց, որ 3 սպանվածներ զոհվել են եւ 4 հոգի ծանր մարմնական վնասվածքներ են ստացել մարտի 1-ին՝ հատուկ միջոցների գործադրմամբ. «Զարմանալիորեն մեր քննչական եւ դատախազական մարմինները պնդում են, որ  իրենք չեն կարողանում իդենտիֆիկացնել այդ հատուկ միջոցներից արձակված լիցքերը, կոնտեյներները եւ որ իրենք չեն կարողանում պարզել, թե սպանված 3 եւ վիրավոր 4 մարդկանցից ո՞ր մեկի վրա են իրենք կրակել: Ընդամենը մի փաստ վկայակոչեմ՝ ներքին զորքերի 3 զորամասերի կազմում գոյություն ունեն այդ հատուկ միջոցներ արձակող այդ ենթասպաները եւ տարբեր վաշտերի կառուցվածքում: Այդ վաշտերը եւ զորամասերը այդ ամբողջ իրադարձությունների թատերաբեմում տեղակայված են եղել տարբեր տեղերում: Փաստ է նաեւ, որ մեր 3 սպանվածները տարբեր վայրերում են զոհվել այդ կրակոցներից եւ պարզ տրամաբանական համադրումը այդ քարտեզի կարող է ապացուցել, թե  ում կողմից արձակված լիցքից են նրանք սպանվել կամ վիրավորվել»:

Մեր դատաձգաբանական փորձագիտական կենտրոնները, որոնք այդ հատուկ միոջոցների լիցքերի փորձաքննությունը կատարել են, 3 անձանց մարմիններից եւ վիրավորների մարմնից հանել են այդ լիցքերի բեկորները, միանշանակ պնդել են, որ այդ բոլոր բեկորները իրենց վրա կրում են բութ առարկաների հետ ներգործության հետքեր: Այնինչ ըստ Գագիկ Ջհանգիրյանի, այդ կենտրոնները երբեւիցե պատմության մեջ Հայաստանում նման փորձաքննություններ չեն կատարել, եւ փորձառություն չունեն, թե այդ  լիցքերն արձակելիս ինչ հետքեր են ստանում հողի մեջ, ինչ հետքեր են ստանում՝ առարկաների դիպչելիս եւ տարբեր կոշտ առարկաներին հանդիպելիս: Նաեւ մի փորձ է  այսպիսի կատարվում, որ դրանք կարող էին հանդիպել մի ուղղահայաց պատի եւ հետացատկ կատարել:  Որպես 10 տարվա փորձառություն ունեցող նախկին զինդատախազ՝ Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ կարող են հրազենով կամ այդ հատուկ միջոցով այդպիսի էքսպերիմենտ անել՝ կրակեն պատին եւ թող այդ լիցքը հետ գա. «Դա բացառվում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930