Մինչ Հայաստանն աննախադեպ քայլերով առաջ է ընթանում վիրտուալ աշխարհում, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Aravot.am-ի հետ հարցազրույցում նշում է, որ համացանցն իր դրական կողմերով հանդերձ լի է անկանխատեսելի բացասական հետեւանքներով. «Ինտերնետը Հայաստանի համար շատ դրական բաներ ունի` սկսած նրանից, որ մենք` որպես ֆիզիկապես շրջափակված երկիր, համացանցի շնորհիվ ստանում ենք հնարավորություն աշխարհի հետ ոչ միայն շփվելու, այլեւ բիզնես վարելու: Դա ունի շատ լուրջ տնտեսական ազդեցություն»:
Ըստ նրա` մարզերի դեպքում համացանցի դրական ազդեցությունն ավելի ակնհայտ է.«Մարզերի դեպքում դա եւս շատ կարեւոր է, որովհետեւ Հայաստանում, բացի ֆիզիկական շրջափակումը, մենք միշտ ունեցել ենք եւս մեկ խնդիր` մարզերի փակ լինելը. ներսում միշտ ճանապարհային կապերը բաց թողած են, շատ փակված են ապրում մարզերը»:
Այս ամենից զատ` ըստ փորձագետի` համացանցը հղի է նաեւ վտանգներով.«Բացասականը շատ-շատ է, հատկապես այն տեսանկյունից, որ ցանցը, որքանով լավ տեղեկատվական հոսք է, այնքան էլ վատ է »:
Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ համացանցի բացասական հետեւանքները առաջին հերթին իրենց վրա են կրում երեխաները. «Ահավոր բաներ կան ցանցում եւ ամենավատն այն է, որ հասանելի են երեխաներին, ու ծնողները չգիտեն այդ մասին: Երբ ռեալ կյանքում երեխան վերցնում է գնդակը, իջնում բակ, ծնողը մոտավոր պատկերացնում է` ինչ վտանգներ կարող են պատահել երեխային, իսկ ահա ցանցի` երեխային սպառնացող վտանգների մասին ոչ բոլոր ծնողները լավ պատկերացում ունեն »:
Այս ամենի պատճառը, փարձագետի կարծիքով, հասարակության մեջ կրթության պակասն է: Ըստ նրա` մենք դեռ պատրաստ չենք համացանցի մարտահրավերներին. «Քանի որ մեզ մոտ երկար ժամանակ համացանցը չէր զարգանում եւ միանգամից պայթյունային աճեց, դա հանգեցրեց նրան, որ բազմաթիվ մարդիկ հայտնվեցին ցանցում` չիմանալով` դա ինչ է: Դեռ կրթված չենք, այդ հարցը շատ լուրջ է»,-եզրափակում է Սամվել Մարտիրոսյանը:
Կարդացեք նաև
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ