Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծերուկ, ես կարոտում եմ քեզ». Նարինեն ստիպում է Ստեփանին երդվել

Նոյեմբեր 28,2012 18:55

«Հիշում եմ, երբ առաջին անգամ Ստեփանը ներս մտավ` լուրջ դեմքով ու մի քիչ էլ ջղային, չկարողացա ինձ զսպել, լիաթոք ծիծաղեցի: Այդ օրվանից սկսվեցին մեր «բանավոր կռիվները»,-պատմում է 21-ամյա Նարինեն ու հավելում ՝ Ստեփանի հետ ծանոթացել է անգլերեն պարապմունքների ժամանակ, երբ պատրաստվում էին ընդունելության քննություններին: Սկզբում իրար չէին համակրում, սակայն քննություններ հանձնելուց հետո խմբի երեխաներով անընդհատ հանդիպումներ են կազմակերպում և միմյանց հետ շփվում համացանցի միջոցով: «Հետաքրքիր է՝մեր վեճերն հետզհետե սկսում են նվազել, մեր առանձին հանդիպումների ժամանակ մենք սկսում ենք ծիծաղել մեր վարքի վրա, որ ցուցաբերել էինք անցյալում: Մենք զրուցում ենք ավելի լուրջ թեմաներից` թե’ համացանցով, և թե հեռախոսային նամակագրության միջոցով»,-պատմում է Նարինեն:
Ընդունելության քննությունները բարեհաջող հանձնելուց հետո խմբի երեխաներով հավաքում են ռեստորանում և նշում իրենց հաջողությունները: Հենց այդ օրն էլ աղջիկը «բացահայտում է իր զգացմունքները», երբ Ստեփանը նրան սրահ ուղեկցելիս բռնում է ձեռքն ու ժպտում.

«Երբեք այդքան սիրալիր չէր եղել ինձ հետ, մի պահ մտածեցի՝ ու՞ր է այն կոպիտ ու ծերուկ տղան (ես նրան այդպես էի ասում իր ծանր բնավորության պատճառով -Նարինե): Սիրտս արագ բաբախեց, զգացի, որ ինչ-որ բան է կատարվում ինձ հետ:
Տուն ճանապարհելիս տղան գրկում է նրան, համբուրում այտն ու ասում. «Չմտածես, թե խմած եմ, դրա համար եմ այսպես վարվում, ուղղակի ես պարզեցի, որ դու ավելի խելոք ես, քան նախկինում էիր ցույց տալիս: Մենք դեռ կխոսենք այս թեմայով…»: Աղջիկն, որն ապշել էր նրա պահվածքից, ոչինչ չի կարողանում ասել: Հետագա օրերին անսովոր ոչինչ չնկատելով՝ մտածում է, որ դա հարբած մարդու խոսքեր էին, ուրիշ ոչինչ: Սակայն մեծ է լինում նրա զարմանքը, երբ առաջին անգամ` սեպտեմբերի 1-ին, որպես ուսանող, ոտք է դնում համալսարան: «Ես ծանոթացա մի քանի աղջիկների հետ ու նկատեցի, որ տղաները կարծես թե խորշում են ինձանից: Իսկ երբ դասերի ավարտին աղջիկներից մեկն ասում է, որ դրսում ընկերս ինձ է սպասում, չեմ կարողանում զսպել ծիծաղս, մտածեցի, որ ինչ-որ առեղծված կա»,-հիշում է Նարինեն: Համալսարանից դուրս գալով` տեսնում է մեծ ծաղկեփնջով մի տղայի, ով գալիս է նրան ընդառաջ: Վարդերի հետևում նկատում է Ստեփանին.
-Ինչու՞ ես աղջիկների ասել, որ դու իմ ընկերն ես,-բղավում է Նարինեն:
-Իսկ մի՞թե դու իմ ընկերուհին չես:
-Բայց դու ինձ ընկերության առաջարկ չես արել:
Ստեփանը շտապում է ուղղել իր սխալը, իսկ Նարինեն, զգալով, որ ինքն իսկապես սիրում է տղային, տալիս է իր համաձայնությունը: Որոշ ժամանակ նրանք հաշտ ու խաղաղ ընկերություն են անում, սակայն. «Եկավ քննական շրջանը, նա ամբողջովին տարվեց իր դասերով. (անվճար էր սովորում- Նարինե): Ինձ լիովին աչքաթող էր արել: Մի պահ մտածեցի, որ ես եմ մոգոնել մեր սերը, որ նա նախկին ծերուկն է, ով եսասեր է: Մենք բաժանվեցինք, կարելի է ասել՝ ես լքեցի նրան ու չէի հաշտվի, եթե… »,- տարակուսում է Նարինեն:
Տղան մի քանի անգամ փորձում է արժանանալ աղջկա ներողամտությանը: Վերջինիս սիրտը գրավելու համար տարբեր միջոցների է դիմում՝ նվերներ ուղարկում, անակնկալներ մատուցում, սակայն ապարդյուն: Բայց մի օր, երբ Ստեփանի հույսերն արդեն կորած են համարվում, Նարինեն զանգում է նրան. «Ծերուկ, ես կարոտում եմ քեզ, եթե ուզում ես քեզ ներեմ, պիտի երդվես, որ ես քո համար առաջին տեղում եմ լինելու, իսկ դասերդ՝ երկրորդ»:
«Երդման արարողությունից հետո» զույգը հաշտվում է: Նարինեն, սակայն, մեկ-մեկ փոխզիջում է ՝ թողնելով նրան պարապի և քննական շրջանում քիչ ժամանակ անցկացնելով վերջինիս հետ:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930