Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների առաջարկ ներկայացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Մասնավորապես, առաջարկվում էր ամբողջ ընտրացուցակները հնարավոր դարձնել ներբեռնել ԿԸՀ-ի կայքից, հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները, փակցնել տեղամասային կենտրոններում, քվեաթերթիկները դարձնել ազատ շրջանառության փաստաթուղթ, ոչ թե հատուկ հաշվառման՝ կարուսելը բացառելու նպատակով. «Առաջարկում ենք նաեւ պարտադիր ժամկետային զինծառայողներին ընդգրկել իրենց մշտական բնակության վայրի ցուցակում, ոչ թե զինվորական մասերում կազմվող ընտրողների ցուցակներում: Այս կետում, մենք գիտենք, որ լուրջ առարկություններ կան, պատրաստ ենք փոխզիջումների գնալ»,- ասաց պարոն Զուրաբյանը՝ ավելացնելով, որ բազմակի քվեարկության դեպքերն էլ բացառելու համար առաջարկում են մատների թանաքոտումը, մասնավորապես աջ կամ ձախ ձեռքի բութ մատի եղունգով պատված մասը կայուն անտեսանելի ներկով թանաքոտելը, որը երեւում է հատուկ լամպի օգնությամբ:
ՀԱԿ-ի մյուս առաջարկը վերաբերում էր տեսանկարահանող սարքեր տեղադրելուն, որը պետք է տեսանկարահանի քվեարկության ողջ ընթացքը՝ առավոտյան ժամը 7-ից սկսած: Լեւոն Զուրաբյանը բացատրեց, որ պետք է երկու տեսախցիկ տեղադրել, մեկը՝ ընտրատեղամասի ներսում, մյուսը՝ դրսում: Նրա խոսքերով՝ «Մենք շատ լավ հասկանում եենք, որ ԸՕ վերափոխմամբ՝ բոլոր հարցերը չեն լուծվում, որ առանցքայինը իշխանությունների քաղաքական կամքն է: Մենք շատ լավ հասկանում ենք, որ ամենալավ օրենսգրքով կարելի է լրիվ ոտնահարել մարդու սահմանադրական իրավունքերը եւ հիմնովին կեղծել ընտրություները: Բայց մենք համարում ենք, որ եթե դրանից հետո իշխանությունները չդրսեւորեն համապատասխան քաղաքական կամք, այս փոփոխությունները միեւնույն է էապես կնվազեցնեն կեղծիքները: Մասնավորապես, եթե լուծվի ընտրացուցակների հարցը, ապա կեղծիքների համար մանեւրի ազատությունը բավականին կսահմանափակվի»:
Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը երկմտում էր մշտապես ներբեռնվող ընտրացուցակների հարցի հետ կապված: Նա ասաց, որ եվրոպական փորձագետից կարծիք է լսել, որ դա անձի գաղտնիության իրավունքի խախտում է. «Ես պետք է դեռ ուսումնասիրեմ հարցը, դրա հետ կապված չունեմ միանշանակ պատասխան, եւ կողմ եմ եւ դեմ»: Ինչ վերաբերում է անտեսանելի թանաքին, նա մեջբերեց միջազգային դիտորդների բազմաթիվ արձանագրած թերությունները, որ լամպը կամ չի միացվում հանձնաժողովների կողմից, կամ լամպը փոխարինվում է սովորական լամպով, որը ցույց չի տալիս՝ օգտագործվե՞լ է այն, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է ընտրությունների ժամանակ օգտագործվող թանաքի որակին, նա ասաց, որ որոշ դեպքերում այն կարող է առաջացնել ալերգիաներ: ՀՀԿ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանն արձագանքեց. «Ավելի լավ, կպզուկոտվի ու պարզ կերեւա՝ քվեարկե՞լ է, թե՞ ոչ»:
Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ըստ Դավիթ Հարությունյանի, պետությունը չի կարող դա պատշաճ իրականացնել, որովհետեւ ասելու են՝ կադրը լավ չերեւաց, այստեղ 4 մարդ կանգնեց ու պարզ չի, թե հետեւոմ ինչ են անելու եւ այլն. «Դա անհնար է վերահսկել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ