Տեղական ինքնակառավարման համակարգը զարգացնելու եւ իշխանությունն ապակենտրոնացնելու համար ռազմավարական փաստաթուղթ է մշակվել: Այսօր Ազգային ժողովում այդ փաստաթղթի լսումներն էին: Այն նախատեսում է վարչատարածքային բարեփոխումներ, համայնքների խոշորացում, սահմանամերձ տարածքների զարգացում:
ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի ներկայացմամբ, սահմանամերձ շրջանների զարգացման համատեքստում ամենակարեւորը վարչատարածքային բարեփոխումներն են, որոնց նպատակը կառավարման արդյունավետ համակարգ ստեղծելն է: Լսումներին ներկա պատգամավորները, համայնքների ղեկավարները եւ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, կարելի է ասել, որեւէ դժգոհություն չունեին նախատեսվող բարեփոխումներից, սակայն մասնավոր զրույցներում կարծիք էին հայտնում, որ «մարզպետարաններն անպիտան եւ փող ուտող կառույցներ են, որոնց պետք է փակել»:
Aravot.am-ը Արագածոտնի փոխմարզպետ Արամ Արսենյանից հետաքրքրվեց, թե ինքն է՞լ է կարծում, որ մարզպետարաններն ավելորդ են, պարոն Արսենյանն ասաց. «Ես հույս ունեմ, որ շատ երկար ժամանակ մարզպետարանները դեռեւս պահանջված կլինեն, որը որպես օղակ կապում է կառավարությանը տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Մարզպետարանները կառավարության որոշումները հասցնում են այդ մարմիններին եւ վերահսկում են այդ որոշումների ճշգրիտ կատարումը: Դեռեւս երկար ժամանակ մարզպետարանները որպես կարեւորագույն օղակ պահանջված կլինեն պետական կառավարման համակարգում: Խոսք է գնում մարզպետներին էլ ընտրովի դարձնելու մասին»:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե ռազմավարական փաստաթուղթն ի՞նչ կտա տեղական ինքնակառավարման համակարգին, փոխմարզպետն ասաց. «Բարեփոխումները կոչված են ավելի լավացնելու վիճակը: Տվյալ դեպքում մտահոգությունն այն է, որ տեղական կառավարման մարմինների կայացման պրոցեսում անհրաժեշտ են փոփոխություններ, որոնք պետք է բերեն ավելի լավ արդյունքների, ավելի օպերատիվ կառավարման եւ հակադարձ կապը տեղական ինքնակառավարման մարմինների դեպի իշխանություն` ամրապնդվի եւ ավելի կայուն լինի»:
Նիստը վարող ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արայիկ Հովհաննիսյանն էլ լրատվամիջոցներին կոչ արեց, որ աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցող «ջրհեղեղներից, ավտովթարներից ու այլ աղետների մասին լուրերը հաղորդելուց բացի, մի քիչ էլ համայնքային կյանքին» ուշադրություն դարձնեն. «Ընդամենը մեկ- երկու տեղական նորություն է հաղորդվում եւ արագորեն անցնում են աշխարհի այլ ծայրերում տեղի ունեցող դեպքերին: Համայնքային կյանքի լուսաբանումը շատ քիչ տեղ է տրվում մեր կյանքում: Օրինակ` ավագանու նիստերը չեն լուսաբանվում եւ այլն»:
Պարոն Հովհաննիսյանի խոսքերով, ցածր է նաեւ համայնքի բնակչի իրազեկվածությունը, մինչդեռ, ըստ նրա. «Յուրաքանչյուր բնակիչ պետք է ծանոթ լինի բյուջեի վերահսկման մեխանիզմներին, իմանա, թե ծախսերը, եկամուտներն ինչպես եղան»:
Հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանն էլ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչներին կոչ արեց բարեփոխումներն անել «աստիճանաբար եւ զգույշ», որպեսզի մարզերում ապրելը լինի ոչ թե ճակատագիր, այլ` ընտրություն:
Բարեփոխումների փաստաթղթով սպասվում են նաեւ սահմանադրական փոփոխություններ, համաձայն որոնց մեր երկրում կհիմնվի երկմակարդակ տեղական ինքնակառավարման համակարգ: Երկրորդ մակարդակի տեղական ինքնակառավարման մարմնի դերը կարող են ստանձնել մարզպետարանները կամ նոր ստեղծվելիք կառույցները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ