Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու «Եհովայի վկաները» հաղթեցին ՄԻԵԴ-ում

Նոյեմբեր 28,2012 17:49

Եթե Հայաստանն ունենար համապատասխան ընթացակարգեր, համաձայն որոնց` «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամները փոխհատուցում ստանային կալանավորման համար, վստահ եմ` Եվրոպական դատարանի այս վճիռը չէինք ունենա: Բայց քանի որ այդպիսի ընթացակարգեր չունենք, այդ պատճառով ունեցանք ՄԻԵԴ-ի այս վճիռը: «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է 17 հայաստանցի Եհովայի վկաների հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության և պարտավորեցրել է պետությանը նրանցից յուրաքանչյուրին վճարել 6.000 եվրո և բոլորին միասին 10 հազար եվրո՝ դատական ծախսերը հոգալու համար:

2004 թվականին 19 Եհովայի վկաներ դիմել են իշխանություններին և «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի պահանջով զինվորական ծառայության փոխարեն անցել են այլընտրանքային ծառայության հիվանդանոցներում, տուն-ինտերնատներում:

Նրանք նշել են, որ այլընտրանքային ծառայությունն իրականում քաղաքացիական ծառայություն չէ և 2005-ի մայիս-հունիսին նրանք տեղեկացրել են համապատասխան կառույցներին. քանի որ այլընտրանքային ծառայությունը եղել է բանակի վերահսկողության տակ, իրենք չեն շարունակում ծառայել և լքել են ծառայության վայրերը: Ծառայության վայրերը լքելու համար 19 Եհովայի վկաների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք: Քրեական հետապնդում է սկսվել:

Մի քանի ամիս կալանքի տակ գտնվելուց հետո նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ծառայության հաստատություններն ինքնակամ լքելու համար, որը հետագայում կարճվել է:
Եվրոպական դատարան ուղղած նամակում Եհովայի վկաները նշել են, որ խախտվել է իրենց ազատության ու անվտանգության իրավունքը, ինչպես նաև անօրինական կալանքի համար փոխհատուցում ստանալու իրավունքը:

Եվրոպական դատարանը գտել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 5-րդ մասերի խախտում:

Արդարադատության փոխնախարարի խոսքով` կոնվենցիայի այս կետերը վերաբերում են կալանավորման հիմքերին և անօրինական կալանավորման համար փոխհատուցում ստանալու հնարավորությանը:

«Կարևոր է այն հանգամանքը, որ գանգատի մեջ բազմաթիվ այլ հարցեր էլ են բարձրացվել, այդ թվում՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի` արդար դատաքննությանը, խղճի ազատության հարցերի հետ կապված: Սակայն այդ գանգատները կոնկրետ այս գործի շրջանակներում Եվրոպական դատարանն անընդունելի է ճանաչել: Միակ հոդվածը, որ ընդունելի է ճանաչվել և որով հենց վճիռ է կայացվել, կոնվենցիայի 5-րդ հոդվածն է»,- նշեց Ռ. Մելիքյանը:

Ի դեպ Եվրոպական դատարան դիմել են «Եհովայի վկաներ» կազմակերպության 19 անդամներ, որոնցից երկուսի մասով Եվրոպական դատարանը գանգատը ընդունելի չի ճանաչել:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930