55-ամյա գյումրեցի ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանը, որին այս պահին դատում են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` կասկածի տակ դնելով պատերազմի դաշտում նրա կոնտուզիա ստանալ-չստանալը, այսօր մեր զրույցում դժգոհեց, որ իրեն դուրս են արել Գյումրու բոլոր բժշկական հաստատություններից`պատճառաբանելով, որ չեն կարող անվճար դեղեր տրամադրել:
«Ասում են, որ քո դեմ քրեական գործ կա հարուցված, քեզ հաշմանդամության կարգից զրկել են, մենք էլ չենք կարող դեղեր տրամադրել: Գնացի Իտալական պոլիկլինիկա «պիրացեդամ» եմ ուզել, որ հիշողությունս գոնե լրիվ չկորի, պահպանվի, ուշագնաց չլինեմ, դաժե դա չտրամադրեցին, բայց աչքերս մթագնում է, նյարդերիցս ոտքերս քաշվում են , օդի մեջ եմ», -ներկայացրեց ազատամարտիկը:
Նա նաև դժգոհեց, որ դեղերի վրա կալանք դնելուց զատ, օրերս Ջրմուղի աշխատակիցներն են իրեն այցելել` ստիպելով վճարել ջրի վարձը ու սպառնացել դատի տալ: «Ես անօթևան եմ, ապրում եմ համայնքապատկան կիսախարխուլ կառույցում, մենք տանը ջուր չունենք, դրսից ենք կրում` եկեղեցու բակից: Բայց եկել, երեսուն քանի հազար տալիք են հանել, ու սպառնում են վճարել, այլապես դատի կտան, թոշակիցս հետ կպահեն: Ասի, որ ես թոշակ չունեմ, արդեն իսկ թոշակս հետ է պահված քրեական գործի պատճառով, դատի էլ կտաք, տվեք: Ջրմուղի աշխատողներին չի էլ հետաքրքրում, որ դու թոշակ չես ստանում, հենց էդ ձեւով էլ ասին`մեզ չեն հետաքրքրում քո պատճառաբանությունները: 4 տարի իմ ղարաբաղյան պատերազմին մասնակցությունս լրիվ ուզում են ջնջեն, ինձ էլ մեռցնեն, կրակն ընկա՞նք, որ կյանք դրեցինք, սահմանները պահեցինք, ազատամարտիկի հետ միայն Հայաստանում կարող են էսպես վարվել»,- նեղսրտեց Հովհաննես Բաղդասարյանը:
Կարդացեք նաև
Նշենք, որ ազատամարտիկը գեներալ Մանվելի հետ կողք-կողքի կռվելուց զատ, նաև ՀՀԿ-ական է, անձնապես ծանոթ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, սակայն մամուլում նրա մասին տեղ գտած բազմաթիվ հրապարակումներից հետո նրանցից և ոչ մեկը չի արձագանքել Հովհաննես Բաղդասարյանի խնդրին, թեկուզև դեղորայքով օգնելու առաջարկ չի հնչել: Մինչդեռ, ինչպես նշել ենք, նա ապրում է 82-ամյա մոր 27 հազար դրամ թոշակի հաշվին, սովի ու դեպրեսիայի մեջ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ