Այսօր ՝ նոյեմբերի 28-ին, ՀՀ Ազգային Ժողովի «Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի» նիստի օրակարգում քննարկվեց «Ժառանգություն» խմբակցության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Համաձայն որի. «Հայաստանի Հանրապետության համապետական ընտրությունների ժամանակ (Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի)` քվեարկության օրը, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնող ՀՀ քաղաքացիները կունենան հնարավորություն իրացնել իրենց պատկանող ընտրական իրավունքը»:
Նախագծի քննարկման ընթացքում հիմնական զեկույցով հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով նշեց, որ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններում բնակվող (գտնվող) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ հավասար ունեն և պետք է ունենան ընտրելու՝ օրենքով ամրագրված հնարավորություն, որի իրականացման մեխանիզմները պետք է սահմանված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իսկ դրանց գործնական իրականացումը պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գործունեությամբ:
Սակայն իշխող կոալիցիայի ներկայացուցիչները ՀՀ քաղաքացու սահմանադրական հիմնարար իրավունքի կոպիտ խախտումը չցանկացան վերացնել:
Կարդացեք նաև
Աշխարհում ապրում է շուրջ տասը միլիոն հայություն, որոնցից մոտ երեք միլիոնը, լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, իսկ օտար երկրներում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը կազմում է շուրջ մեկ միլիոն, վերջիններս փաստացի զրկված են մասնակցելու Հայաստանի Հանրապետության կառավարմանը: Այսօր ևս մեկ անգամ ՀՀ Ազգային Ժողովը վկայեց, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը լիարժեք չի պատկանում մեր ժողովրդին:
Տեղի ունեցած քվեարկությամբ նախագիծը չստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը: «Դեմ» քվեարկեցին Լեւոն Մարտիրոսյանը(ՀՀԿ), Կարեն Ճշմարիտյանը(ՀՀԿ), Դավիթ Հարությունյանը(ՀՀԿ) եւ Հովհաննես Մարգարյանը(ՕԵԿ), և «կողմ»՝ Զարուհի Փոստանջյանը(Ժառանգություն), Գագիկ Ջհանգիրյանը(ՀԱԿ), Արծվիկ Մինասյանը(ՀՅԴ): Տիգրան Ուրիխանյանը(ԲՀԿ) և Էդմոն Մարուքյանը(անկախ) բացակայում էին:
«Ժառանգություն»