Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ Զմմառի միաբանության մշակութային կենտրոնի և Մատենադարանի նորոգված հարկաբաժնի բացումը

Նոյեմբեր 28,2012 17:05

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Հայ Կաթողիկե Եկեղեցու Լիբանանի թեմի Զմմառի առաջնորդարանի համատեղ նախաձեռնությամբ Զմմառի միաբանությունում «Ուրբաթագրքի» տպագրության 500 ամյակի առիթով տեղի ունեցավ մշակութային կենտրոնի և Մատենադարանի նորոգված հարկաբաժնի բացումը, ինչպես նաև կազմակերպեց ձեռագիր մատյանների և հնատիպ ձեռագրերի ցուցադրություն:

Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Զմմառի միաբանություն էր այցելել նաև Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստանից ժամանած պատվիրակությունը շրջել է Զմմառի միաբանության Եկեղեցում, թանգարաններում ու մատենադարանում, միաբանության անդամները հանգամանորեն ներկայացրել են հավաքածուները, դրանց պատմությունն ու արժեքը:

Հանրապետության Նախագահի խոսքով, Զմմառում կուտակված հայ ձեռագիր մատյանները խոսուն վկայությունն են մեր անցյալի, պատմության և մեր դարավոր մշակութային ժառանգության: «Զմմառի միաբանությունը, Մատենադարանն ու Սփյուռքի նախարարությունը գովելի նախաձեռնությամբ են հանդես եկել՝ ուսումնասիրել ձեռագիր մատյանները, սրբել դարավոր փոշին, վեր հանել մեր ազգի մտքի արգասիքն ու լույս սփռել անցյալի մեր էջերի վրա: Մենք պետականորեն կշարունակենք օժանդակել, որպեսզի ամբողջապես մշակվի այս հսկայածավալ նյութը և ծառայի ինչպես հայ ժողովրդին, այնպես էլ համայն մարդկությանը»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հանդիսության ընթացքում ելույթ ունեցավ Զմմառի Պատրիարքական միաբանության ընդհանուր պատրիարքական փոխանորդ Գերպծ. Հ. Գաբրիել Թ. Ծ. Վ. Մուրատյանը, ընթերցվեց Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Ամենապատիվ Տեր Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի օրհնության գիրը: Զմմառի Մշակութային Կենտրոնի տնօրեն Հ. Մովսես Վրդ. Տոնանյանը ներկայացրեց Կենտրոնի

ներկա գործունեությունն ու ապագայի ծրագրերը: Ելույթ ունեցավ նաև Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի գլխավոր ավանդապահ, ձեռագրագիտության մայր ցուցակի բաժնի վարիչ Գևորգ Տեր- Վարդանյանը:

Զմմառի միաբանությունը հիմնադրվել է 1749 թվականին Հայ կաթողիկե պատրիարքության հիմնադիր Աբրահամ Արծիվյան կաթողիկոսի կողմից: Ներկայումս Զմմառի վանքում կա 2000-ից ավելի ձեռագիր մատյան: Ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհի հայերեն ձեռագրական հավաքածուների շարքում քանակով ու գիտական, մշակութային արժեքով Զմմառի մատենադարանի հավաքածուն հինգերորդն է: Ձեռագրերից բացի 1512-1800թթ. տպագրված մոտ 1100 անուն հնատիպ հայտնի գրքերից Զմմառի մատենադարանում խնամքով պահվում են 335-ը, ընդ որում՝ «Ուրբաթագրքի» (Վենետիկ 1512) հազվագյուտ օրինակներից մեկը, ինչպես նաև այնպիսի գրքեր, որոնց միակ օրինակը պահպանվել և գտնվում է հենց Զմմառի մատենադարանում:

Զմմառի հավաքածուի ձեռագրերը վերաբերում են հայկական միջնադարյան կյանքի, գիտության և մշակույթի բոլոր ասպարեզներին, դրանք արժեքավոր են նաև հարևան երկրների պատմությունն ուսումնասիրելու համար: Զմմառի ձեռագրերի մեջ կան ուշ միջնադարի հայ ինքնուրույն և թարգմանական գրականության եզակի օրինակներ: Հավաքածուն հարուստ է նաև երաժշտական և բժշկական երկեր պարունակող ձեռագրերով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930